ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հերթական անգամ հանդիպում են։ Բանակցությունները կկայանան դեկտեմբերի 7-ին՝ պաշտպանված տեսակապի միջոցով։ Հայտնի է նաև, որ նրանց հանդիպումը լրիվությամբ չի հեռարձակվի, կցուցադրվի միայն զրույցի առաջին կադրերը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կարծում ենք, որ դա բավականին հանգամանալից, շարունակական տեսակոնֆերանս կլինի։ Այն կանցկացվի պաշտպանված տեսակապով»,-ասել է Պեսկովը` հավելելով, որ երկու նախագահների շփումը կսկսվի Մոսկվայի ժամանակով 18։00-ի սահմաններում։
«Մենք ցույց կտանք, կարծում եմ, շփման առաջին կադրերը․․․ Ամբողջ շփումը փակ ռեժիմով կլինի»,-ասել է Պեսկովը։
«Դա անմիջապես երկու նախագահների զրույց է լինելու։ Ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին։ Մեր նախագահը, բնականաբար, այդպիսի կարևոր խոսակցությունից առաջ շփվում է պրոֆիլային նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»,-ասել է Պեսկովը։
Հաշվի առնելով, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեծ հավանականությամբ նրանք կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի հարցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ղեկավարները նախատեսում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա առցանց ձևաչափով մինչև 2021թ․-ի ավարտը, երկրորդը՝ 2022թ․-ին, երբ Պուտինն ու Բայդենը անձամբ կհանդիպեն։
Թողնել պատասխան