ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով նաև հանդիսանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին։ Հեռավար անցկացած նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված մի շարք հարցեր:
«Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել»,–ասել է Սարգսյանը:
Նա նշել է, որ փորձելու են շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Արմեն Սարգսյանը շեշտել է, որ հիմնադրամը լուրջ փոփոխությունների կարիք ունի և պետք է սկսել ոչ միայն մտածել, այլև գործել այդ ուղղությամբ:
Նա բոլորին կոչ է արել մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական և այլ հետաքրքրություններն ու հարցերը և նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը և այս կառույցն իսկապես դարձնելու այն լոկոմոտիվը, որն իր հետ միասին առաջ է տանելու մնացած բարեգործական հայկական կառույցները:
Այսօր հայտնի դարձավ, որ նիստին ներկա էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով իր ֆեյսբուքյան էջից կիսվել է նիստի վերաբերյալ տպավորությունների մասին։
Համաձայն հաղորդագրության Փաշինյանը միանշանակ հայտարարել էր, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է հստակեցնել, կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները, ինչին Քոչարյանը փաստել է, որ հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն։
Ըստ Քոչարյանի` ակնհայտ է, որ վերոհիշյալ միջոցները պետք է մուտքագրվեին կառավարության՝ հատուկ այդ նպատակով բացված հաշվեհամարին և ծախսվեին այդ հաշվեհամարից պատերազմի թելադրած անհետաձգելի, հրատապ կարիքների համար։ Այդ դեպքում հաշվետվողականության հետ կապված որևէ խնդիր չէր լինի։
«Ես չգիտեմ՝ այս ամենն արվել է միտումնավո՞ր, թե անփութության հետևանք է, բայց փաստացի հենց կառավարության գործողությունների հետևանքով լրջորեն վնասվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեղինակությունը»,– շեշտել է ՀՀ երկրորդ նախագահը:
«Հայաստան» հիմնադրամն իր հերթին պետք է այդ գումարը ծախսի Արցախի կարիքները հոգալուն ուղղված բազմաթիվ ծրագրերի վրա»,– եզրափակել է Քոչարյանը։
Թողնել պատասխան