ՀՀ֊ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի խոսքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ առարկայական քննարկումներ են ընթանում։
«Գիտեք, որ ռուս սահմանապահներն արդեն Սյունիքում են: Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում արդեն տեղակայված են ռուս սահմանապահներ, որոնք օգնում են իրավիճակի կայունացմանը», ֊ ասել է Կոպիրկինը, հավելելով, որ շատ կարևոր է այնպես անել, որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց համար նոր ու անսովոր պայմաններում:
Սահմանի երկայնքով, այդ թվում՝ Գեղարքունիքում, սահմանապահների տեղակայման վերաբերյալ Կոպիրկինը նշել է, որ քննարկվում է ռուսական ներկայության ընդլանման հարցը։
«Այդ հարցի շուրջ ընթանում են առարկայական քննարկումներ և խորհրդակցություններ՝ ներառյալ գործնական առումով: Կարծում եմ, որ ամեն ինչ որոշվելու է Հայաստանի անվտանգության շահերից ելնելով, սահմանին կայունության ապահովման և եռակողմ պայմանավորվածությունների կատարման տեսակետից»,- ասել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ ռուս սահմանապահներն արդեն Գեղարքունիքի մարզում են։
«Որոշակի փուլից հետո նրանք արդեն կտեղակայվեն սահմանի երկայնքով, և հայ ու ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից։ Դրանից հետո մնացած բանակցային պրոցեսը կընթանա և որոշ հատվածներում ճշգրտումներ կարվեն»,– ասաց մարզպետը։
Թողնել պատասխան