Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը»,- նշված է գրառման մեջ։
Տեր-Պետրոսյանն ահազանգում է, որ այսպես շարունակվելու դեպքում երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Միաժամանակ նա անընդունելի է համարում նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ դատավոր Ժորա Չիչոյանը ՀՀ վարչապետի որդուն` Աշոտ Փաշինյանին, առևանգման մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։
Թողնել պատասխան