Պաշտոնական Մոսկվան մտահոգություն է հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում գրանցված լարվածության կապակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից` պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ։
«Խիստ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին գրանցված զինված միջադեպի հետևանքով մարդկային կորուստներ ունի ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմը»,- համաձայն աղբյուրի նշել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ–ն կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և լարվածությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել։
«Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»,– ասված է հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ն շեշտում է` Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, կողմերի միջև շփման միջոցով, կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի ու Երևանի միջև շուտափույթ բանակցությունների վերսկսման հրամայականը։
Թողնել պատասխան