ՌԴ-ից ուղարկված մարդասիրական բեռն արդեն Երևանում է

Օգնություն

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Ռուսաստանից 40 տոննա մարդասիրական բեռ տեղափոխող ինքնաթիռը: Այդ մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ-ից։

Մարդասիրական օգնությունն ուղղված է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիներին։

Օգնությունը, որը ներառում է սնունդ, վերմակներ և շարժական էլեկտրակայան, Հայաստան է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ՌԴ կառավարության հանձնարարությամբ:

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 40 տոննա մարդասիրական բեռը ներառում է այն, ինչ Արցախից տեղահանված անձանց անհրաժեշտ է Հայաստանում հաստատվելու համար:

«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել այդ մարդասիրական օգնությունը», -ասաց նա:

Դեսպանի խոսքով` սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։

Կոպիրկինն ընդգծեց, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, բարեգործական հիմնադրամները, այդ թվում` «Ռոսսոտրուդնիչեստվոն»:

«Վստահ եմ, որ դա կշարունակվի՝ ելնելով առկա կարիքներից։ Մեզ համար կարևոր է, որ լուծվեն այն խնդիրները, որոնց բախվում են բռնի տեղահանվածները։ Մենք սերտորեն կապված ենք միմյանց հետ։ Սրանք նաև մեր՝ ռուսներիս խնդիրներն են»,– հավելեց դեսպանը։

Դիտումների քանակը: 4095
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին