Հուսանք Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի. Փաշինյան

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով։ Այսօր ՀՀ կառավարության նիստում նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս անդրադարձել է նաև Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամին` ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ ծանր։

«Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը` 22 բեռնատարներով, Լաչինի միջանցքից [Բերձորի միջանցք] ոչ հեռու` Կոռնիձորի մոտ, շարունակում է Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել»,- հիշեցրեց Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ բեռների մեկ ուրիշ` ավելի մեծ խմբաքանակ էլ մերձակայքում է։

Հիշեցվեց նաև, որ միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի արգելափակումը վերացնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը հումանիտար բեռների մուտքն Արցախ և հետագա մատակարարումներն ապահովելու համար։ Նա ընդգծեց, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Արցախի ներկայացուցիչները։

«Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի»,- շեշտեց Փաշինյանը։

Պաշտոնական Երևանը Ստեփանակերտին խրախուսում և քաջալերում է ներգրավվել նման երկխոսության մեջ։

Նա հավելեց, որ հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ նոր մեկնաբանությունները։ Հիմա հայկական կողմն աշխատում է ներկայացված առաջարկի ուղղությամբ, ողջամիտ ժամկետում մեկնաբանություններ կներկայացվեն։

«Խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի, այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար»,- ընդգծեց գործադիր մարմնի ղեկավարը։

Ըստ նրա` նաև այս իմաստով հրատապ է Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ շարունակելու են ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։

Դիտումների քանակը: 3742
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին