Սահակյանն Ադրբեջանի պաշտոնյաներին ՀՀ արդարադատության առաջ կանգնեցելու մեխանիզմներ է ներկայացրել

Սահակյան

Մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանի պաշտոնյաներին կարելի է մեղադրանք առաջադրել ու արդարադատության առաջ կանգնեցնել հենց ՀՀ-ում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` ներկայացնելով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու նոր մեխանիզմներ։

«Բնականաբար, այդ մարդիկ իրենց կամքով չեն գա ՀՀ, սակայն կարելի է միջազգային գործընկերների և Ինտերպոլի միջոցով հասնել նրանց հետախուզմանն ու հանձնմանը, որպեսզի նրանք ֆիզիկապես ներկա գտնվեն մեր դատական համակարգի առաջ։ Մանավանդ, ի տարբերություն Ադրբեջանի, որը շինծու գործեր է կարում, մենք ծանրակշիռ փաստեր ունենք հանցագործությունների մասին, օրինակ` Սև լճի տարածքում ինը հայ զինվորներիների գնդակահարման փաստը»,- նշել է Սահակյանը։

Վերջինս ընդգծեց, որ միայն իրավական գործընթացներով չպետք է սահմանափակվել, նաև դիվանագիտական գործունեությամբ, մարդու իրավունքներով զբաղվող ՀԿ-երի հետ պետք է ճնշում գործադրվի Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի նա իր քայլերն առնվազն համապատասխանեցնի մարդու իրավունքների ստանդարտներին։

Բացի այդ, ըստ Սահակյանի, պատժամիջոցների կիրառման առումով նոր հնարավորություններ կարելի է գտնել նաև Հաագայի դատարանում, հատկապես երբ սեպտեմբերի 19–ի ագրեսիայից հետո ԵՄ–ն ավելի ակտիվ է սկսել քննարկել դրա հնարավորությունները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կազմած «սև ցուցակին», որում 300 հայ է ընդգրկվել, և որոնց նկատմամբ Բաքուն միջազգային հետախուզումներ է հայտարարել, Սահակյանը կարծում է, որ դրանք մերժվելու են քաղաքական լինելու հիմքով։

«Ադրբեջանը ժամանակին դիմել է նման չհաջողված փորձերի։ Միակ խնդիրն այն է, որ ինչպես օրինակ Ալեքսանդր Լապշինի դեպքում, կարող են դիմել իրենց բարեկամ երկրներին ու նրանց միջոցով կալանավորել նրանց»,– նշեց Սահակյանը։

Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ է նաև 2023 թ. նոյեմբերին նախատեսված UPR-ի (Համընդհանուր պարբերական վերանայման) 44–րդ սեսիան, որի շրջանակում գնահատվելու է նաև Ադրբեջանի զեկույցը։ Ըստ Սահակյանի` ակտիվ ներգրավածությունը հնարավորություն կտա, որպեսզի մարդու իրավունքների խորհուրդը ևս արձանագրի այն խախտումները, որոնք տեղի են ունեցել թե՛ կոնֆլիկտների ժամանակ, թե՛ դրանցից հետո, երբ թիրախավորվել են թե՛ ռազմագերիները, թե՛ պետական, ռազմական գործիչները։

Բաց այդ, միջպետական գործընթացներ կարելի է նախաձեռնել ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանում, բայց կոնվենցիոնալ այլ հիմքերով` կապված փախստականների, խոշտանգումների, ինչու ոչ, նաև ահաբեկչության հետ։

Դիտումների քանակը: 3932
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին