Շուշիի վերաբերյալ քրեական գործերով շուրջ 150 անձ է հարցաքննվել, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանը

44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ավելի քան 2000 քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ քննվում են ինչպես, օրինակ, զորահավաքային զորակոչի, զորահամալրման գործընթացներում թույլ տրված հնարավոր խախտումները, պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն, այնպես էլ Արցախի հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի Հայաստանի սահմաններ և դեպի Արցախի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:

Գլխավոր դատախազությունը նաև տեղեկացնում է, որ քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական անփութության և հրաման չկատարելու հանգամանքները պարզելու նպատակով։

«Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով հարցաքննվել է շուրջ 150 անձ (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱրՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք: Կատարվել են շուրջ երկու տասնյակ առգրավումներ, զննություններ, որոնց արդյունքում ի հայտ եկած բազմաթիվ հանգամանքների վերաբերյալ իրականցվել և իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ»,- նշված է ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրությունում։

Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ: Որոնցից՝

  • 25-ը՝ 28 անձի վերաբերյալ, զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր, նյութեր ապօրինի ձեռք բերելու, շրջանառելու, իրացնելու համար,
  • 8-ը՝ 8 անձի վերաբերյալ, Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների, անհետ կորած անձանց հարազատներից վստահությունը չարաշահելով հափշտակություններ կատարելու կամ դրա փորձի համար,
  • 7-ը՝ 8 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու  համար,
  • 1-ը՝ 3 անձի վերաբերյալ, անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը
  • դադարեցնելու նախապատրաստության, փաստաթղթերի կեղծումը կազմակերպելու և փաստաթղթերի կեղծման  համար,
  • 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ, ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու համար,
  •  2-ը՝ 2 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ դասալքության համար,
  • 1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ժամանակ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար,
  • 1-ը՝ 1 անձի վերաբերյալ,  ռազմական դրության ժամանակ անդամախեղման, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու համար,
  •  1-ը՝ 1 անձի վերաբերյալ, ռազմական դրության ընթացքում իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար,

Դատարան ուղարկված գործերով 8 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Գերատեսչությունը նաև նշում է, որ քրեական գործերի մեծ մասով նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4178
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին