Ստեփանակերտի հանրահայտ և արցախցուն խորհրդանշող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում առեղծվածային ձևով հայտնված բանալու տեսքով արձանը համացանցում բուռն քննադատությունների արժանացավ։ Այս պահին դեռ հայտնի չէ ո՛չ արձանը տեղադրողի , և ո՛չ էլ նրա հեղինակի անունը։
Մտահոգ քաղաքացիների թիվը շատ է։ Այդ կապակցությամբ «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը պաշտոնապես դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարանին` պարզելու քաղաքացիներին մտահոգող հարցերը։
«Օրերս Ստեփանակերտում տեղադրվեց մի տարօրինակ հուշարձան՝ ինը թևանի աստղ, որը Բահայի աղանդի խորհրդանիշն է (կենտրոնը գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում) և Համսա ամուլետը (մուսուլմանները այս խորհրդանիշն անվանում են նաև «Ֆաթիմայի ձեռքը», իսկ հրեաները՝ «Մարիամի ձեռքը»): Ես փորձեցի պատասխաններ ստանալ տեղի բնակիչներից, բայց ոչ ոք չի հասկանում այս հուշարձանի իմաստը: Խնդրում եմ Արցախում բնակվող մեր հայրենակիցներին կապվել Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ, որպեսզի պարզենք այս հուշարձանի հեղինակի անունը և Արցախում տեղադրման նպատակը»,- գրել է միջազգային փորձագետ։
Ստեփանակերտի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջից ոչ հստակ տեղեկություններ է հրապարակել` անհայտ թողնելով արձանի հեղինակի և նախաձեռնողի ինքնությունը։
«Հարգելի հայրենակիցներ, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի տարածքում տեղադրված բանալու տեսքով արձանի շուրջ սոցցանցերում տարաբնույթ քննարկումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընթանում են քննարկումներ հասարակական և գիտական շրջանակներում՝ այդ արձանը տվյալ տարածքում տեղադրելու նպատակահարմարության շուրջ: Սպասում ենք մասնագիտական եզրակացությանը՝ վերջնական որոշում կայացնելու համար», — ասվում է քաղաքապետարանի հայտարարությունում։
Թողնել պատասխան