Տեղահանված արցախցիները սահմանամերձ բնակավայրերում տուն գնելիս 14, իսկ կառուցելիս 16 մլն դրամ կստանան

Աղավնոյից, Բերձորից, Սուսից օգոստոսին տեղահանված արցախցիները կօգտվեն բնակարանային ապահովման պետական ծրագրից: Հայաստանի Կառավարությունը վերանայել է Արցախի առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար հիփոթեքի ծրագիրը:

4000 ընտանիք կարող է օգտվել՝ վճարելով միայն կանխավճարի 1-10 տոկոսը՝ կախված, թե որտեղ է ուզում տուն գնել՝ Արցախում, Հայաստանի մարզերում, թե Երևանում:

Կառավարության նոր որոշմամբ՝ Հայաստանի սահմանամերձ համայնքներում անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական տուն կառուցելու դեպքում արցախցիների համար սահմանվել են առավել բարենպաստ պայմաններ:

Պատասխանելով Հայաստանի առաջին լրատվական ալիքի հարցերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է․

«Սահմանամերձ գյուղական բնակավայրերի համար բնակելի տան ձեռքբերման դեպքում 14 միլիոն մայր գումարը վարկի և 13 տոկոս տոկոսագումարի գծով կվճարի պետությունը, իսկ սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար հիփոթեքային վարկի դեպքում՝ 16 մլն դրամ և 13 տոկոս տոկոսադրույք

Երևանի դեպքում մայր գումար՝ 8 մլն, 8 տոկոս, մարզերի դեպքում՝ 10 մլն, 10 տոկոս, Արցախի դեպքում՝ 12 մլն, 12 տոկոս։

Շահառուների ցանկը Արցախի կառավարության կողմից տրամադրվել է: Ճշգրտվել, փոփոխվել է այդ ցանկը: Հնգօրյա ժամկետում վերջնական ցանկը Արցախից կստանանք, որից հետո կսկսվեն հավաստագրերի թողարկումը, տրամադրումը»:

Այսպիսով, սահմանամերձ համայնքում տուն ձեռք բերելու համար արցախցին կվճարի ընդամենը 1 տոկոս կանխավճար: Փոխնախարար Խաչատրյանը հիշեցրեց՝ Երևանում հիփոթեքով բնակարան գնելու կանխավճարը առնվազն 10 տոկոս է, մարզերում՝ 5, Արցախում՝ կրկին 1 տոկոս: Արցախում, մարզերում, Երևանում անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման պայմանները չեն փոխվել:

Հայաստանի 900 գյուղական բնակավայրից 80-ը սահմանամերձ են: Ծրագրի առաջնահերթ նպատակը, ըստ փոխնախարարի, տեղահանված արցախցիների բնակարանի հարցի լուծումն է: Սահմանամերձ գյուղերում հնարավոր է առավել մատչելի պայմաններով տուն ձեռք բերել: Խաչատրյանի գնահատմամբ՝ ծրագիրն այդ առումով լավ հնարավորություն է: Ձեռք բերվող բնակարանի սեփականության իրավունքի գրանցման, կադաստրային ծախսերը ևս կհոգա պետությունը:

Հավաստագրերը ստանալուց հետո մեկ տարի դրանք կլինեն ուժի մեջ: Ֆինանսավարկային կազմակերպությունների ընտրությունը, ըստ Խաչատրյանի, լայն է, շահառուները կարող են շուտով սկսել հիփոթեքի վարկավորման, բնակարանի ձեռքբերման գործընթացը:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում բնակվում է 20 հազար արցախցի:

Նրանցից մոտ 15 հազարը բնակապահովման այս ծրագրի մասնակից կարող են դառնալ: Եթե բնակարանի արժեքը գերազանցի պետական աջակցության սահմանաչափը, տարբերությունը կվճարի շահառուն:

Հավելվում է նաև, որ ծրագրի տարեկան բյուջեն մոտ 7 միլիարդ դրամ է:

Դիտումների քանակը: 3998
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին