Ղազախստանի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր Սոչիում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից` հավելելով որ Սոչին որպես հանդիպման վայր ընտրվել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։
Փաշինյանը անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին նշել է, որ Պրահայում բանակցությունների ընթացքում կողմնորոշվել է հիմք ընդունելով Վլադիմիր Պուտինի հրապարակային հայտարարությունները։
«Մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը ծավալուն է, սակայն կուզեի կենտրոնանալ տարածաշրջանային անվտանգության հարցերի վրա։ Վալդայ ակումբում տեղի ունեցած Ձեր ելույթում Դուք անդրադարձաք Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի հարցին։ Ընդգծեցիք Լեռնային Ղարաբաղի հետ կապված այդ գործընթացի որոշ կարևոր պարամետրեր՝ պնդելով, որ կաջակցեք այն սկզբունքների ընտրությանը, որոնց օգտին կարտահայտվի հայ հասարակությունը։ Հուսով եմ, որ դուք կաջակցեք այդ առաջարկները եռակողմ հանդիպման արդյունքներով հնարավոր հայտարարության մեջ»,– նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Պուտինի մասնակցությամբ ՀԱՊԿ-ի վերջին նիստի ընթացքում Փաշինյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՀՀ–ի համար ընդունելի են այն մոտեցումները, որոնք առաջարկվում են Ռուսաստանի նախագծով` Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի վերաբերյալ։
Փաշինյանի խոսքով` Հայաստանն առաջարկել է դա, բայց մինչ օրս չկա այն պնդումը, որ ռուսական կողմն աջակցում է այդ առաջարկին։ ՀՀ վարչապետը հավելեց` այդ առաջարկները ոչ մի կերպ չեն հակասում այն առաջարկներին, որոնք ձեռք են բերվել Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին։
Պուտինը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական կամք ունի լուծելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։
«Հակամարտությունն արդեն տասնամյակներ շարունակվում է, և այն պետք է ինչ-որ կերպ ավարտին հասցնել։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք։ Մենք ամեն կերպ աջակցում ենք դրան։ Պետք է գտնել այն հիմնական կետերը, որոնք թույլ կտան մեզ առաջ շարժվել»,– ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք բանակցությունները ևս մեկ հնարավորություն կտան քննարկել ընթացիկ իրավիճակը։ Նրա կարծիքով` այժմ ամենակարևորն այն է, որպեսզի խաղաղություն լինի և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծվեն։ Այդ խնդիրը դրվել է նաև 2020 թվականի նոյեմբերին, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները։
Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման արդյունքները կլինեն այնպիսին, որ առաջ շարժվելու հնարավորություն կլինի։
ՌԴ նախագահի խոսքով` Ռուսաստանը ելնում է նրանից, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկեր է դեռ հին ժամանակներից։
Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին Փաշինյանը նշել է, որ այս գործընթացի սկզբում Երևանը քանիցս ընդգծել է, որ նախ պետք է սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման մեխանիզմներ ստեղծվեն։
«Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ սահմանազատման հանձնաժողովի ձևավորումն ինքնին կդառնա սահմանային անվտանգության մեխանիզմ։ Մենք չէինք կիսում այդ դիրքորոշումը, բայց ի վերջո որոշեցինք հիմնվել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Սակայն, ի հեճուկս դրան, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը նոր լայնածավալ ագրեսիա նախաձեռնեց Հայաստանի դեմ և նոր տարածքներ օկուպացրեց»,–հավելեց վարչապետը։
Այդ իսկ պատճառով էլ, ըստ Փաշինյանի, Հայաստանի համար այժմ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումն այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, Ադրբեջանում պահվող Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման և հայրենադարձության հարցերին։
Թողնել պատասխան