Վարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին․ Տեսանյութ

Безымянный

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Կառավարության ղեկավարը նկատել է՝ երբեմն կոռուպցիան կառուցվում է, այսպես ասած, գեղեցիկ նախադասությունների ներքո և տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ, և դրա արձանագրումն արվել է վերջերս՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ: Իր ելույթում կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև մի քանի օր առաջ Ազգային ժողովում ունեցած ելույթում հնչեցրած այն հայտարարությանը, որ վարչապետը պետական բյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում: Վարչապետի խոսքով՝ այդ հայտարարությունը կիսատության որոշակի տարր ունի, և այն պետք է ամբողջացնել այն մտքով, որ ՀՀ պետական միջոցները դեռևս 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ վարչապետի գործունեությանն առնչվող ծախսերը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած երբեմն առաջնահերթությունը տրվում է շատ ավելի մեծ ծավալի գումարների հետ կապված հրատապ խնդիրների լուծմանը, բայց պետական ծախսերի 100 տոկոսանոց արդյունավետության ապահովման հարցը ևս իր ուշադրության կենտրոնում է: Վարչապետն ընդգծել է՝ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը ամենօրյա օրակարգի հարց է, և կառավարությունը հետևողականորեն գնալու է այդ ճանապարհով:

Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովի անցկացումը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, խմբերին, ուժերին, ովքեր կարևոր են համարում կոռուպցիայի դեմ պայքարը, այս ընթացքում ոչ մի վայրկյան չեն դադարել կոռուպցիայի դեմ պայքարել և պետական միջոցների ծախսման և պետական համակարգերի արդյունավետության մակարդակը բարձրացնել:

Դիտումների քանակը: 4240
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին