Վազգեն Թևանյանը դուրս է եկել եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը նվաճել է բրոնզե մեդալ

25793858

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը նվաճել է բրոնզե մեդալ, իսկ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչում 7։2 հաշվով հաղթել է ազգությամբ հայ և Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։ Վերջինս կպայքարի ոսկե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը, որը երեկ 1/8 եզրափակիչում պարտվել էր Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևին, սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար։ Հայ ըմբիշը նախ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց սլովակ Դանիել Չամնիկին, ապա 7։0 հաշվով պարտության մատնեց հունգարացի Դանիել Աթալին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Չերմեն Վալիևը, բայց վերջինս վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ, ու Անդրեասյանն արժանացավ բրոնզե մեդալի։

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց ու մտավ քառորդ եզրափակիչ։ Հայ ըմբիշը նախ 6:0 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Գրահմեսին, ապա բացահայտ առավելությամբ՝ 11։0 հաշվով հաղթեց Բախրեյնի ներկայացուցիչ Հաջի Մոհամադ Ալիին։ Քառորդ եզրափակիչում էլ Թևանյանը նորից բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակի հասավ ռումինացի Նիկոլայ Օխլոպկովի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մրցեցին հայ երկու ըմբիշներ։ Թևանյանի մրցակիցը Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանն էր։ Թևանյանն իր գրագետ գործողություններով յոթ միավոր վաստակեց, ու միայն դրանից հետո մրցակցին հաջողվեց հետ բերել ընդամենը երկու միավոր։

Եզրափակիչում Վազգեն Թևանյանի մրցակիցն է լինելու Հունգարիան ներկայացնող  Իսմայիլ Մուժուկաևը։

Դիտումների քանակը: 4212
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին