Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքն անհապաղ բացելու համար։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի մամուլի ծառայությունից։
«Ես լրջորեն մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի [Բերձորի] միջանցքի՝ արդեն մոտ 4 շաբաթ տևող արգելափակմամբ, որը խոչընդոտում է սննդի և այլ անհրաժեշտ մատակարարումների ու ծառայությունների հասանելիությանը շրջանում: Արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի` խուսափելու համար մարդասիրական որևէ հետևանքներից և այլ անդառնալի բացասական ազդեցությունից խաղաղության գործընթացի վրա»,- նշել է նա։
Այդ ամենից ելնելով` Զովկոն դիմել է Ադրբեջանի կառավարությանը, որպեսզի, հետևելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորություններին, իր լիազորությունների շրջանակում գործի դնի բոլոր այն միջոցները, որոնք անհրաժեշտ են միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու և տեղի բնակչությանը մարդասիրական օգնության մատակարարումը երաշխավորելու համար։ Նրա խոսքով` պետք է հաշվի առնել, որ Արցախի Հանրապետությունում սննդի, դեղորայքի և այլ կենսական պարագաների պակաս կա։
Եվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցողը նաև դիմել է Հայաստանին և Ադրբեջանին` Լաչինի [Բերձորի] միջանցքի գործարկման առնչությամբ բոլոր մտահոգությունները լուծել երկխոսության և խորհրդակցությունների միջոցով` բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ:
ԵՄ բոլոր ինստիտուտներին էլ կոչ է արել անմիջապես ակտիվացնել միջնորդական ներգրավվածությունը և կանխարգելիչ դիվանագիտությունը` նպաստելու շարունակվող ճգնաժամի լուծմանը և կանխելու հետագա սրացումները։
Թողնել պատասխան