ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալենը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար քայլեր ձեռնարկելու կոչով դիմել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելին։
«Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները` դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լուռ։ Չեմ հասկանում։ Ժոզեպ Բորե՛լ, պետք է գործել հիմա»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի համահեղինակներից է։ Նա այն եզակի քաղաքական գործիչներից է, ով պարբերաբար շեշտում է, որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը։
Պետեր վան Դալենը նաև կոչ էր արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակի լրջությունը ստուգելու համար:
Թողնել պատասխան