ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է քննչական խումբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակելու, ԼՂ բնակչության պաշարման, սեպտեմբերի 19-ին ձեռնարկած հարձակման դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից։
Աղբյուրը փաստում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական անձ։ Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:
Սեպտեմբերի 19-20-ին իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝ բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն:
Բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության և այլնի հետ
Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։
«Վարույթի շրջանակում իրականացվում են մեծածավալ քննչական և վարույթային գործողություններ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատագենետիկական, դատաբժշկական փորձաքննություններ, վարույթով հաստատված՝ զոհված անձանց հարազատները ճանաչվել են տուժող, ինչպես նաև շարունակվում է դիերի նույնականացման գործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում լայն ծավալով շարունակվում է բռնի տեղահանման ենթարկված անձանց վերաբերյալ տվյալների հավաքագրումը և նշված անձանց տուժող ճանաչելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների, դրանց ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստահավաք գործընթացը։
ՀՀ քննչական կոմիտեն կրկին հորդորում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման ենթարկված անձանց, վերոնշյալ հանցավոր արարքների վերաբերյալ ցանկացած ձևաչափով և կրիչով տեղեկատվության տիրապետող անձանց՝ դրանք տրամադրել վարույթն իրականացնող մարմնին։ Ստացված տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորվում է։
Թողնել պատասխան