Ադրբեջանը հակված չէ Արցախի անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ. ՀՀ ԱԳՆ

Վահան Հունանյան

Ադրբեջանը հակված չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը քննարկել Հայաստանի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 6-ին հանդիպել են Պրահայում։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, ըստ որի` Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում ԼՂ հիմնախնդրին անդրադարձ եղե՞լ է, առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել Արցախի հարցում՝ հաշվի առնելով, որ կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, խոսնակը նշել է․

«Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը առանցքային է մեզ համար։ Մենք այդ հարցերը բարձրացնում ենք մեր բոլոր հանդիպումներում, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ։ Սակայն Ադրբեջանը հակված չէ այդ հարցը քննարկել Հայաստանի հետ։ Միջազգային գործընկերներն էլ են հանգում այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության հարցերը ենթակա են հստակեցման, և այս առումով կարևոր են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումները՝ միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծմամբ։ Հայաստանը, իհարկե, Ադրբեջանի հետ բոլոր շփումներում հարցը ներառում է քննարկման շրջանակի մեջ»,– փաստել է Հունանյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդներին, ապա ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի` ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքնիշխան տարածքում:

«ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակները, ինչպես արձանագրված է հայտարարության մեջ, վստահության ամրապնդումն է և իրենց դիտարկումներով սահմանային հանձնաժողովներին աջակցելը»,– ավելացրել է նա:

Հունանյանի խոսքով` առաքելության գործառույթների և լիազորությունների շրջանակի, տեղակայման հստակ վայրերի և այլ բնույթի մանրամասների վերաբերյալ խոսելը վաղ է, քանի որ այս հարցերը դեռևս գտնվում են աշխատանքային քննարկումների տիրույթում:

Դիտումների քանակը: 4029
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին