Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Արցախի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը:
Նոր ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու 2․441 աշակերտ.
Արցախի Հանրապետության Կրթության, Գիտության և Սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը տոնի առթիվ ուղերձ է հղել․
“Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ
 Սիրելի ուսանողներ ու դասախոսներ
 Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
 Սեպտեմբերի 1-ը տոն է բոլորիս համար և առաջին զանգի ղողանջների հետ մեր կյանքը կարծես լցվում է ժպիտներով ու վառ գույներով, նոր իմաստով ու բովանդակությամբ:
 Պատմական իրադարձություններով պայմանավորված Արցախում գիտելիքի, դպրության և Հանրապետության հռչակման տոները համընկել են, և արդեն 27-րդ անգամ նոր ուսումնական տարվա մեկնարկը մեր երկրում տրվում է անկախության դասով: Մեծ խորհուրդ կա սրա մեջ, որովհետև երեկ, այսօր և վաղը՝ մեր բոլոր սերունդների համար ամենակարևոր դասը եղել է, կա և պետք է լինի՝ ամուր պահել հայոց պետության հիմքերը և մեր գիտելիքներով, տքնաջան աշխատանքով ու հայրենիքին մեր ծառայությամբ ամեն օր մի քար ավելացնել այդ հիմքի վրա, քանզի պետականությունն է, որ երաշխավորում է անվտանգություն, կրթության, աշխատանքի և զարգացման հնարավորություն:
 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակված անկախությունը և անհավասար պատերազմում արժանապատիվ հաղթանակը ապահովեցին մեր երեխաների համար բարեկարգ դպրոցներում սովորելու հնարավորություն:
 Իհարկե, տասնյակ դպրոցներ դեռ շարունակում են կրել պատերազմի հետքը և կարոտ են շինարար ձեռքի: Սակայն, անկախության տարիների դպրոցաշինության ակտիվ ընթացքը հուշում է, որ նոր ու հիմնանորոգված դպրոցների թիվը տարեցտարի ավելանալու է:
 Սիրելի աշակերտնե՛ր
 Այսօր գուցե ավելի, քան երբևէ կարևորվում է գիտելիքը և գիտելիքի հետ միասին անձնային որակների ու կարողությունների զարգացումը:
 Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների այս դարում կյանքը շատ արագ է փոփոխվում, հետևապես, ամեն օր մեր առջև նոր մարտահրավերներ ու նոր խնդիրներ են ծառանում: Այդ փոփոխությունները պիտի արտացոլվեն նաև կրթության մեջ, հետևապես, մենք պիտի կարողանանք լինել ավելի ճկուն և քայլենք ժամանակին համընթաց:
 Սիրելի ծնողնե՛ր
 Մենք ունենք հրաշալի ուսուցիչներ, ովքեր անմնացորդ նվիրումով են կատարում իրենց առաքելությունը, ովքեր կրթում ու դաստիարակում են արժանապատիվ սերունդ, յուրաքանչյուր աշակերտի մեջ բացահայտելով անհատին և ճանապարհ հարթելով դեպի մեծ ապագա:
 Սիրելի ուսուցիչնե՛ր
 Ձեզ հետ միասին մենք շարունակելու ենք նոր հնարավորություններ ստեղծել մեր երեխաների համար և, վստահաբար, հպարտանալու ենք նրանց ձեռքբերումներով ու նոր հաղթանակներով:
 Դրոցական զանգն այսօր ղողանջեց մեր հանրապետության 24369 դպրոցականների համար, նրանցից շուրջ 2441-ի համար՝ առաջին անգամ:
 Շնորհավորում եմ բոլորին և մաղթում հետաքրքիր ու լուսավոր ճանապարհ մեր աշակերտներին՝ գիտելիքների զարմանահրաշ աշխարհում, անսպառ ուժ ու կորով մեր ուսուցիչներին՝ իրենց պատվաբեր ու պատասխանատու առաքելության մեջ, խաղաղություն ու բարգավաճում՝ մեր երկրին”:
Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջից։


 
  
  
  
 
Թողնել պատասխան