ԱՄԴ փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ Ադրբեջանի պնդումները կեղծ էին և մանիպուլացնող

ՀՀ ԱԳ նախարարությունն արձանագրում է, որ Արդարադատության միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի` Դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման վերաբերյալ պնդումները կեղծ էին և մանիպուլացնող: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. հուլիսի 6-ի որոշումը, որի ամբողջական տեքստը կողմերին տրամադրվել է հուլիսի 11-ին։

Դատարանը միաձայն վերահաստատում է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը՝ կրկին պարտավորեցնելով Ադրբեջանին, մինչև գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը, Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան «ձեռնարկել իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներն՝ ապահովելու Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով»:

Հուլիսի 6-ի պարտադիր իրավաբանական ուժ ունեցող որոշմամբ Դատարանը միաձայն հաստատում է, որ 2023թ․ փետրվարի 22-ի որոշումը «առանց սահմանափակման կիրառելի է» Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետի նկատմամբ և որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական անցակետի առկայությունն ու շահագործումն իրավամբ ռասայական խտրականություն է:

Կարևոր է նշել, որ Դատարանը համարել է, որ «կողմերի միջև լարված իրավիճակը հաստատում է սույն որոշման արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը», որն ընդունվել է կանխելու էթնիկ հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգը, և որը միտումնավոր անտեսվել և մինչ օրս անտեսվում է Ադրբեջանի կողմից։

Այսպիսով, Դատարանը 2023թ. հուլիսի 6-ի որոշմամբ վերահաստատում է Ադրբեջանի միջազգային իրավական պարտավորությունը՝ ձեռնարկել առկա բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը և, ըստ այդմ, անհապաղ դադարեցնել իր անցակետի գործունեությունը, քանի որ դա անհերքելիորեն խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայով սահմանված իրավունքները»,- նշված է ՀՀ արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Կառույցը կոչ է անում միջազգային մյուս դերակատարներին, և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ձեռնարկել բոլոր քայլերը՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ և արդյունավետ իրականացումը:

Դիտումների քանակը: 3756
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին