Կոչ ենք անում ՌԴ-ին ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը. ՀՀ ԱԳՆ

2023թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել են Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ քայլեր ձեռնարկելով միջանցքում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում անցակետ տեղադրելու ուղղությամբ: Այդ մասին նշված է ՀՀ արտաքին գործների նախարարության հայտարարության մեջ։

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից այսօր իրականացված այս քայլը չի կարելի համարել Ադրբեջանի հերթական սադրանք անգամ. այն իրապես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է՝ միտված Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,- շեշտում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաղորդվում է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից շինծու բնապահպանական պատրվակներով Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] շարունակական ապօրինի արգելափակումը և այսօր արդեն ակնհայտ կեղծ և անհիմն պատրվակներով անցակետի տեղադրումը հենց այս ծրագրված քաղաքականության հետևողական իրականացման հերթական քայլերն են։

Այս գործողությունն իրականացվում է ի հեճուկս միջազգային հանրության միանշանակ հայտարարությունների և հատկապես Միջազգային արդարադատության դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ունեցող վճռի: Ավելին, Ադրբեջանի ղեկավարությունը ամեն կերպ լարում է տարածաշրջանային իրավիճակը` հող նախապատրաստելով լայնածավալ ուժի կիրառման համար։

«Հայաստանի Հանրապետությունը՝ որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները»,-նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իրենց պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ողջ անվտանգության գոտուց, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ պետություններին հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:

Դիտումների քանակը: 3746
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին