ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Երևանի և Բաքվի հետ վերջնական կարգավորման հասնելու համար

ԱՄՆ-ն իր գործընկերների հետ շարունակում է ներգրավված մնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրների լուծմանն ուղղված ջանքերում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը` ճեպազրույցի ժամանակ։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Մենք շարունակում ենք ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», — ասել է Փրայսը:

Խոսնակը հիշեցրել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված հանդիպումների մասին:

«Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, լավագույն հեռանկարներն ունի՝ առաջ տանելու անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանի տեսլականը: Մենք, իհարկե, ցանկանում ենք տեսնել, որ կողմերն իրենք են առաջընթաց գրանցում: Թե ինչպիսին է լինելու այս հակամարտության համապարփակ լուծումը, մեր որոշելու հարցը չէ: Դա ծանր աշխատանք է, որ կողմերն իրենք պետք է անեն»,- ասել է պետքարտուղարության խոսնակը։

Նեդ Փրայսը դարձյալ շեշտել է, որ կշարունակեն համագործակցել կողմերի հետ վերջնական լուծման հասնելու համար:

Դիտումների քանակը: 3749
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին