Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն TRT լրատվալկան գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Չավուշօղլուն հիշեցրել է վերջերս տեղի ունեցած Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցը՝ ասելով, որ դրա ընթացքում իրենց նախագահը ներկայացրել է թուրքական կողմի տեսակետները:
Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան բանակցություններին՝ մանրամասնելով, որ դրանց ընթացքում համաձայնեցվել են սահմանային համատեղ հանձնաժողովի, Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու «Զանգեզուրի նախագծի» հետ կապված հարցեր:
Այս համատեքստում Չավուշօղլուն առևտրի տեսանկյունից մեծապես կարևոր է համարել «Միջին միջանցք» հասկացությունը:
Գալով կարգավորման համար անհրաժեշտ կոնկրետ քայլերին՝ թուրք նախարարը խոսել է իրենց կողմից ակնկալվող Հայաստանի քայլերի մասին.
«Մինչև այս պահն ուղեձներ ու հայտարարություններ կան, ճիշտ է ճնշում էլ կա՝ դրսից սփյուռքը, ներսից՝ ֆանատիկ խմբերը: Սակայն ինչ վերաբերում է կոնկրետ քայլերին, Հայաստանի կողմից այդ կոնկրետ քայլերը դեռևս չենք տեսել՝ ներառյալ Զանգեզուրի նախագիծը, մյուս նախագծերի կամ համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում:
Այսինքն Փաշինյանի գլխավորած իշխանությունն այս հարցերում խաղաղության համար արդեն պիտի դրական քայլեր անի, խոսքերը բավարար չեն»:
Չավուշօղլուն հայ-թուրքական գործընթացում շեշտել է Ադրբեջանի կարևորությունը՝ ընդգծելով, որ թեև այս գործընթացը երկկողմ մակարդակով է ընթանում, սակայն դա իրականում եռակողմ գործընթաց է, քանի որ իրենք ամեն ինչ Ադրբեջանի հետ համակարգում են:
«Դա իրողություն է՝ անկախ նրանից թե հայաստանցիների դուրը կգա, թե՝ ոչ. մենք մի ազգ երկու պետություն ենք:
Այսպիսով՝ եթե տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի, սա «1 ազգ 2 ժողովուրդ» սկզբունքից անկախ եմ ասում, բոլորը պետք է վճռական քայլ անեն. դրա մեջ նույնիսկ Վրաստանն էլ կա, Միջին Ասիայի երկրների մասին արդեն խոսեցի: Այս ուղղությամբ արվելիք քայլերը բոլորի օգտին են, Հայաստանից էլ այս հարցում կոնկրետ քայլեր ենք սպասում. դա կլինի համապարփակ խաղաղության պայմանագիրը, Զանգեզուրը, թե մեր ուղղությամբ կատարվելիք քայլերը: Կոնկրետ քայլերի ենք սպասում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը կայունություն և խաղաղություն են ցանկանում: Հայաստանն էլ պետք է ցույց տա, որ ինքն էլ է դա ցանկանում»,- եզրափակել է թուրք նախարարը:
Թողնել պատասխան