Այսօր նախագահին կոչ եմ արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրել՝ ադրբեջանական շրջափակումը դադարեցնելու համար։ Այդ մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը` թվիթերյան իր միկրոբլոգում հրապարակելով վերջինիս ուղղված նամակը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է կապ հաստատի Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ և նախազգուշացնի Արցախի շրջափակման հետևանքների մասին, այդ թվում` պատժամիջոցների և ԱՄՆ օգնության չեղարկման։
Նա հիշեցրել է, որ հունիսի 8-ին ևս մեկ նամակ էր գրել նախագահին ԼՂ շրջափակման հարցով։ Այդ ժամանակից ճգնաժամը բավական սրվել է և ԱՄՆ նախագահի անձնական և հրատապ ուշադրությունն է պահանջում։
«2022 թվականի դեկտեմբերից Արցախի 120 հազար բնակիչ զրկված են սննդամթերքի, դեղորայքի, գազի և մշտական էլեկտրաէներգիայի մատակարարումներից, մի քանի շաբաթ առաջ էլ Ադրբեջանն ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], նույնիսկ Կարմիր խաչի համար։ Անկասկած, այս իրավիճակը մարդասիրական սուր ճգնաժամի է հանգեցրել, ինչպես օգոստոսի 7-ին նշել է ՄԱԿ–ի փորձագետների խումբը»,– հիշեցրել է Շիֆը։
Նա նշել է, որ Արցախի բնակչությունը, այդ թվում` քաղաքացիների ամենախոցելի շերտերը` հղիները, երեխաները և ծերերը, հրատապ օգնության կարիք ունեն։
«Դեղորայք և մանկական սնունդ գրեթե չի մնացել, իշխանությունները հայտնել են թերսնման և դեղորայքի բացակայության պատճառով հիվանդությունների և մահերի հաճախակի դարձած դեպքերի մասին։ Հղի կանանց մոտ անեմիայի դեպքերը հասել են 90%–ի, իսկ սովածությունից ուշագնացության դեպքերը մշտապես են արձանագրվում։ ԼՂ ժողովուրդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծրագրի համաձայն, սովի իրական սպառնալիքի է բախվել»,– գրել է Շիֆը։
Կոնգրեսականը նշել է, որ հենց այս պահին Ադրբեջանը թույլ չի տալիս 400 տոննա մարդասիրական բեռ մտնի Արցախ, ի հեճուկս միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի։
Թեև ԱՄՆ–ն, ԵՄ–ն, ՄԱԿ–ի փորձագետներն ու Ռուսաստանը հորդորել են բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] և ապահովել կանոնավոր տեղաշարժը, բայց Ադրբեջանը անտեսում է այդ կոչերը։ Շիֆն ընդգծել է` հայտարարությունների ժամանակը վաղուց անցել է, այդ իսկ պատճառով նախագահը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի։
Առաջին` ՄԱԿ–ի ԱԽ հրատապ նիստ հրավիրել, քանի դեռ այնտեղ նախագահում է ԱՄՆ–ն. Արցախի իրավիճակը համապատասխանում է ԱՄՆ–ի կողմից պարենային անվտանգության և մարդու իրավունքների պայքարի թեման գլխավոր դարձնելու մտադրությանը։
Երկրորդ` ամերիկյան առաքելություն ուղարկել ՄԱԿ` Անվտանգության խորհրդի բանաձև պատրաստելու համար, որում կխոսվի փաստերի հավաքման և անկախ գնահատականի համար Արցախում ՄԱԿ–ի փորձագետներ տեղակայելու, ինչպես նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Երրորդ` ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին և USAID–ին հանձնարարել ուսումնասիրել ցամաքային կամ օդային ճանապարհով Արցախի հրատապ մարդասիրական օգնություն ուղարկելու հնարավորությունը։
Չորրորդ` կապ հաստատել Ալիևի հետ և զգուշացնել շրջափակման հետևանքների, այդ թվում` պատժամիջոցների, վիզաների տրամադրումը չեղարկելու, ինչպես նաև ԱՄՆ–ի օգնությունը դադարեցնելու մասին (ինչը, կոնգրեսականներից շատերի կարծիքով, պետք էր վաղուց անել)։
«Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ընդունելով` ԱՄՆ–ն հայտարարեց` «այլևս երբեք», սակայն այժմ Արցախի ժողովուրդը էթնիկ զտումների իրական սպառնալիքի է բախվել։ Պարոն նախագահ, դուք ճշմարտության կողմնակից եք եղել, հանդես էիք գալիս հօգուտ ճշմարտության, հիմա այդ հայտարարությունները գործով արտահայտելու և հայոց նոր ցեղասպանությանը կանխելու ժամանակն է», – գրել է կոնգրեսականը։
Թողնել պատասխան