Արցախում կատարած վերջին խոշտանգումների մասին ՀՀ ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է: Այդ մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի արտահերթ նախնական զեկույցում, որը ներկայացվել է անգլերենով և ուղղված է հիմնականում մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին, ինչպես նաև իրավասու պետական մարմիններին:

Արտահերթ զեկույցը հիմնված է Արցախից բռնի տեղահանվածների հաշվառման վայրերում փաստահավաք աշխատանքների արդյունքների վրա։

«Հաշվի առնելով փաստահավաք գործունեության արդյունքները` պաշտպանը խորհուրդ է տալիս պետության իրավասու մարմիններին առաջին հերթին բացահայտել խոցելի խմբերին, այդ թվում՝ անձանց և նրանց ընտանիքներին, որոնք բռնության ցանկացած ձևի զոհ են դարձել, ինչպես նաև ստեղծել և ներդնել հատուկ մեխանիզմներ` նրանց կարիքները բավարարելու համար»,– նշված է ՄԻՊ զեկույցում:

Զեկույցում Անահիտ Մանասյանն ամփոփել ու վերլուծել է նաև փաստահավաք աշխատանքների ընթացքում ձեռք բերված տեղեկությունները ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցանքների ու դաժանությունների վերաբերյալ, փաստագրել է բռնի տեղահանված անձանց, շտապօգնության մեքենաների թիրախավորման, երեխաների ու կանանց իրավունքների խախտումների ապացույցները։

Մասնավորապես, պաշտպանը մատնանշել է 14 դիակները` որոնք ենթարկվել են ֆիզիկական բռնության։ Այդ նկարները կցվել են գաղտնի հավելվածով, քանի որ հրապարակման ենթակա չէին։

  • Նկար 1-ում պատկերված է մարմին, որում աջ վերին վերջույթը անդամահատված է, ձախ ականջը բացակայում է, գլուխն այրված և ածխացած է, կան բազմաթիվ բեկորային վնասվածքներ:
  • Նկար 2-ում պատկերված է տղամարդու մարմին՝ քաղաքացիական անձ. դիակի զննությամբ պարանոցի վնասվածքի հետքեր են հայտնաբերվել։ Շրջանաձև վնասվածքը պարանոցի շուրջը, ինչպես նաև դեմքը և պարանոցը վկայում են շնչահեղձության մասին:
  • Նկար 3-ում պատկերված է արական սեռի երեխայի մարմին. պարանոցի շուրջը առկա է շրջանաձև վնասման նշան։ Պարանոցի առաջնային մակերեսի վնասվածքը վկայում է շնչահեղձության մասին: Կան նաև բազմաթիվ մանր քերծվածքներ:
  • Նկար 4-ում պատկերված է արական սեռի երեխայի մարմին բեկորային վնասվածքներով, որոնք հիմնականում մարմնի ձախ մասում են, իսկ պարանոցը ձախ կողմից այրված է: Բազմաթիվ են հատվածական վնասվածքները ձախ ստորին վերջույթի կողային մակերեսին, հատկապես ազդրի վրա։
  • Նկար 5-ում պատկերված է տղամարդու մարմին: Դեմքը և գլխի ձախ կիսագունդը գրեթե ամբողջությամբ այրված են, ձախ ականջը, աչքի խոռոչը, ձախ այտը ածխացած են։
  • Նկար 6-ում պատկերված է տարեց տղամարդ քաղաքացիական անձի մարմին: Կան վերին և ստորին վերջույթների այրվածքներ:
  • Նկար 7-ում պատկերված է կին քաղաքացիական անձի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից: Նրա մարմինը դաժանորեն անդամահատված է՝ դեմքի մաշկը ամբողջությամբ այրված։ Երկու ազդրերի արտաքին հատվածում կան բեկորային վնասվածքներ։
  • Նկար 8-ում պատկերված է 10 տարեկան արական սեռի երեխայի մարմին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից։ Կան դիակի վերին վերջույթների և որովայնի քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխի հատվածում։
  • Նկար 9-ում ցույց է տրվում արական սեռի երեխայի մարմին, 8-9 տարեկան։ Նա Լեռնային Ղարաբաղի Ասկերանի Սառնաղբյուր գյուղից էր։ Մարմնի վերին և ստորին վերջույթների վրա կան քերծվածքներ և բեկորային վնասվածքներ գլխին։ Դիակը անդամահատվել է ։
  • Նկար 10-ում պատկերված է արական սեռի քաղաքացիական անձի մարմին: Դիակի դեմքը այրված և սևացած է։
  • Նկար 11-ում արական սեռի քաղաքացիական անձի մարմին է: Մահվան պատճառը, հավանաբար, պարանոցի առջևի հատվածի ծանր վնասվածքն է, ձեռքը խիստ վնասված է, իսկ բթամատը ջարդված։ Մարմնի մի մասը այլանդակված է կոպիտ ուժի կիրառումից։
  • Նկար 12-ում ցույց է տրվում արական սեռի քաղաքացիական ածխացած անձի մարմին։ Դեմքին նկատելի են բեկորային վերքեր։ Նրա ձախ այտը պատռված է, իսկ ակնախորշերը սևացած են: Աջ ոտքի վրա մի քանի կտրվածք ունի: Միևնույն ժամանակ, ձախ ոտքը մասնատված է ազդրի տակ:
  • Նկար 13-ում պատկերված է տարեց արական սեռի քաղաքացու մարմին։ Կան հրազենային վնասվածքներ նրա մարմնի վրա, մասնավորապես՝ պարանոցի շուրջը, իրանի աջ կողմը, ազդրի հատվածի ձախ կողմը:
  • Նկար 14-ում պատկերված է տարեց քաղաքացիական անձի մարմին խիստ մասնատված, նրա գանգի աջ կողմը զուրկ է մաշկից: Կրծքավանդակի ձախ կողմը փշրված է։ Մարմինը մասնատված է, նկատելի են մեծ վնասվածքներ աջ ուսի, կրծքավանդակի հատվածներում: Բացի դրանից, կան բազմաթիվ հրազենային վնասվածքներ ողջ մարմնում, մասնավորապես՝ որովայնի և իրանի աջ և ձախ կողմերում։

«Իրավասու քննչական մարմիններն ու դատախազությունը պետք է հետաքննեն միջազգային և հիմնարար իրավունքի խախտումների, ներառյալ խոշտանգումների, ենթադրյալ դեպքերը»,– նշված է ՄԻՊ զեկույցում։

Բացի այդ, օմբուդսմանը կոչ է անում ՀՀ իշխանություններին` ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Անահիտ Մանասյանը նաև վստահեցրել է, որ իր մանդատի շրջանակներում կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները` Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները և առաջացած խնդիրները միջազգային դատական մարմիններին ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո Արցախի Հանրապետությունից ՀՀ է տեղափոխվել 100 632 մարդ։

Դիտումների քանակը: 4255
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին