Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանի վերջին հայտարարությունը, հատկապես Արցախի նախագահ Բակո Սահակյանի՝ 2020 թվականի ընտրություններում չառաջադրվելու հայտարարության ֆոնին, ընկալվեց որպես նախագահի թեկնածուի հայտ:
Արցախում ներքաղաքական վերջին զարգացումների, ապրիլյան պատերազմի և իր հետագա ծրագրերի մասին VERELQ-ը զրուցեց Արցախի նախկին պետական նախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
—Պարոն Հարությունյան, հունիսի սկզբին բողոքի ակցիաների մասնակիցների կողմից Ձեր հրաժարականի պահանջը դրված չէր, ինչո՞ւ որոշեցիք հրաժարական տալ:
-Արցախը քաղաքական նոր փուլ է թևակոխում, սպասում է 2020 թվականի համապետական ընտրություններին: Իսկ այդ ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցությանն ավելի ազատ մասնակցությանը, որը ես եմ ղեկավարում, նախարարի պաշտոնը միայն կխանգարեր: Եվ ինչու չէ նաև՝ խնդիր կառաջացներ լեգիտիմության, վարչական լծակների օգտագործման առումով: Ընտրություններին մասնակցելու առումով հավասար պայմաններ ստեղծելը շատ կարևոր է: Մինչև 2020 թվականը ես կզբաղվեմ ակտիվ կուսակցաշինությամբ, հավանական է նաև, որ կշարունակեմ որոշ շատ ավելի թեթև ծառայություններ մատուցել, որովհետև տնտեսական բազմաթիվ նախագծեր կան, որոնք ներդրողների խնդրանքով կապված են ինձ հետ: Բայց հիմնական իմ գործունեությունը լինելու է քաղաքականության տիրույթում:
—Այսինքն կառավարությունից Ձեր հեռանալը որոշակիորեն վտանգում է ներդրումային նախագծե՞րը:
-Դժբախտաբար արդեն ազդել է և սա նշում եմ ցավով, որովհետև օտարերկրյա և սփյուռքյան մեր ներդրողների համար ինչ-որ տեղ անորոշությունը խանգարում է, բայց շատ շուտ կլրացնենք այդ բացը և նրանք կշարունակեն իրենց ներդրումները:
—Վերջին Ձեր բանակցությունները պետնախարարի պաշտոնում Ղարաբաղ Տելեկոմի հետ էին: Ձեր հրաժարականից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները կմնան ուժի մե՞ջ:
-Անշուշտ: Որոշ որոշումներ հանձնաժողովը հանրային սակագների կարգավորման առումով կայացրել է և այդ իմաստով մտահոգություն չունեմ: Բայց, իհարկե, այն փուլային պայմանավորվածություն է, որը պետք է շարունակել և իշխանությունները դա կանեն:
—Պարոն Հարությունյան, Ձեր վերջին հայտարարությունը, որում անդրադառնում եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանում ընկալվեց որպես Արցախի նախագահի թեկնածության հայտ:
-Ես ղեկավարում եմ Արցախի այսօր քաղաքական ուժերից ամենամեծը: Չգիտեմ, թե վաղը ինչ է լինելու, բայց հստակ է, որ մեր կուսակցությունն անտարբեր չի լինելու և ակտիվ մասնակցություն է ունենալու: Ես ոչ հերքում եմ, ոչ էլ բացառում եմ՝ ժամանակը կգա, ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց այն, որ կուսակցությունը չի կարող անտարբեր մնալ այդ գործընթացներին, հատկապես, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նույն օրն են անցկացվելու, չենք կարող այդ հայտը չներկայացնել: Ոչ թե այսօր՝ երեկ ենք ներկայացրել, երբ ստեղծել ենք կուսակցությունը՝ 2005 թվականին:
Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մեր առջև դրված է, դա այն է, որ 2020 թվականի ընտրությունները բավականին լուրջ վստահության տրամադրության շրջանակներում անցկացվեն և արդյունքները կասկածի տակ չդրվեն: Սա է երաշխիքը հետագայում մեր երկրի խաղաղ զարգացման համար:
—Այդուհանդերձ հրաժարականներից հետո իրավիճակը Արցախում, ըստ որոշ վերլուծաբանների, շարունակում է անկայուն մնալ: Ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական վիճակը և հնարավոր համարում եք, որ արտահերթ գործընթացներ լինեն Արցախում, ինչպես դա եղավ Հայաստանում:
-Իհարկե, երբեք պետք չէ ասել երբեք, բայց համոզված եմ և դա նաև իմ ցանկությունն է, որպեսզի նման գործընթացներ չլինեն: Մենք խնդիր ունենք, մենք Ընտրական օրենսգիրք պետք է մշակենք, որը չկա և պետք է նախապատրաստվենք, մինչև արդեն 2019 թվականի դեկտեմբերին սկսվում է նախընտրական գործընթացը: Ժամանակը շատ կարճ է և այդ ժամանակում, կարծում եմ, անիմաստ է նման քաղաքական գործընթաց անելը և երկիրը ճգնաժամի մեջ մտցնելը:
—Բայց հանրային դժգոհություն կա, վստա՞հ եք, որ այն չի պարտադրի այդ գործընթացները:
-Իհարկե, կան տարբեր կարծիքներ, այդ թվում և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով… դժգոհություն կա ու միշտ էլ եղել է:
—Պարոն Հարությունյան, կարծես թե Արցախում դժգոհությունն ավելի շատ սոցիալական է, քան քաղաքական և միակ քաղաքական գործիչը, որ այդ օրերին ակտիվ էր, Հայկ Խանումյանն էր:
-Չէի ասի, որովհետև կան տարբեր խմբեր, որ ունեն տարբեր մտածելակերպ՝ մեկը հիմքում պնդում է սոցիալականը, մեկը սահմանադրությունը, մյուսը այլ խնդիրներ է առաջ քաշում: Կան դժգոհություններ ու կան խնդիրներ և մենք պարտավոր ենք, որպես քաղաքական ուժ, փորձել համագործակցության եզրեր գտնել և բանակցությունների տիրույթում այդ ամենը լուծել:
—Հայաստանում սահմանադրական փոփոխությունները բավականին շատ քննադատվեցին և վերջին իրողությունները ցույց տվեցին, որ դրանք պայթունավտանգ էին պետական համակարգի համար: Արցախում ևս, սահմանադրական բարեփոխումները հարթ չընթացան ու կային դժգոհություններ ըննդիմադիրների կողմից: Ի վերջո, արդարացվա՞ծ էին այդ փոփոխությունները:
-Ես կողմնակից էի Սահմանադրության փոփոխության, ինքս պառլամենտարիզմի կողմնակից եմ, բայց քննարկումների ժամանակ մասնագետների հիմնավորումներից ելնելով այս մոդելն ընտրվեց (նախագահական- խմբ.): Բայց ես ինքս կողմնակից եմ խորհրդարանական համակարգի, որն ավելի ժողովրդավարական է և որին մենք ավելի շատ ենք ձգտում:
—Սամվել Բաբայանի ազատ արձակվելուց հետո նոր իրավիճակ, նոր տրամադրություններ Արցախում սպասո՞ւմ եք:
-Իհարկե ոչ: Կան տրամադրություններ, որոնցում յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ անհատ կարող է իր մասնակցությունն ունենալ, նույնը Սամվել Բաբայանը՝ նա կարող է մասնակցել, կարող է չմասնակցել, ակտինալա կամ հակառակը, բայց դա ժամանակը ցույց կտա:
—Բայց գործող իշխանությունն անհանգստանալու առիթներ ունի՞:
-Այդ տեսանկյունից մենք անհանգստանալու ոչ մի առիթ չունենք: Մեր անհանգստությունը երկու ուղղություն ունի՝ առաջնագիծ և արտաքին քաղաքականություն:
—Ինչպես եք Դուք գնահատում իրավիճակն առաջնագծում:
-Որևէ բան չեմ ուզում ավելացնել այն տեղեկատվությանը, որ հաղորդում է ՊԲ-ն, բայց խաղաղությունն իսկապես շատ վտանգված է:
—Պարոն Հարությունյան, Ադրբեջանի վերջին երկու ամիսների ակտիվացումը կապում են Հայաստանում, ինչպես նաև Արցախում ներքաղաքական գործընթացներով, համաձա՞յն եք այդ տեսակետի հետ:
-Ոչ, ոչ մի կապ չունի և նույն ապրիլյան պատերազմը մեզ համար կանխատեսելի էր՝ մասշտաբները ոչ, բայց աշխարհաքաղաքական, գլոբալ զարգացումները ստիպում են ընդունել այն, որ այսօր ավելի մեծ վտանգ կա, քան երբևէ:
—Այսինքն համաձայն եք այն տեսակետի հետ, որ այսօր առաջնագծում առկա իրավիճակից խոսելիս ճիշտ է հարցնել ոչ թե կլինի՞ պատերազմ, այլ ե՞րբ:
-Իրավունք չունեմ նման բան ասել, բայց մենք պարտավոր ենք մտածել: Բայց չեմ ուզում երբևէ առաջնագծում սրացումները փորձենք ներքաղաքական խնդիրների հետ կապել: Դեռևս 2006 թվականին ես վերլուծություն էի արել, որ պատերազմը հավանական է 2014-15թթ-ին՝ կախված Ադրբեջանի ֆինանսատնտեսական իրավիճակի, նավթի ծավալների ավելացման, վաճառքի և այլնի հետ: Պատերազմը մեծ ֆինանսներ է պահանջում և «թանկ հաճույք է»:
—Որքանո՞վ է վտանգավոր իրավիճակը Նախիջևանի հատվածում, որտեղ ակտիվացել է թուրք—ադրբեջանական տանդեմը:
-Ամեն տեղ են ակտիվանալու… դա կախված է նրանից, թե ինչ խնդիր են լուծելու: Նախիջևանում և մնացած տեղերում խնդիր ունենք՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով Ադրբեջանը փորձում է դիրքային առավելություններ ձեռք բերել և ոչ միայն սպառազինության, այլ նաև դիրքային:
—Պարոն Հարությունյան, վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացավ այն տեղեկատվության շուրջ, թե ապրիլյան պատերազմի օրերին առաջնագծում սնունդը չի բավարարել, զինվորները սոված են մնացել: Դուք այդ օրերին կառավարության ղեկավարն էիք, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ամենը:
-Հստակ կարող եմ հայտարարել, որ ոչ միայն պաշտպանության բանակը, այլև ժողովուրդը ապահովված էին ամեն ինչով: Բանակն ուներ անգամներով ավելի շատ սնունդ, քան անհրաժեշտ էր: Բայց ես չեմ բացառում, որ առաջնագծում եղել են խնդիրներ, որոնք խոչընդոտել են, որպեսզի սնունդը և անհրաժեշտը հասցվի դիրքեր՝ եղել են դիրքեր, ուր երեք օր չեն կարողացել մոտենալ և սա պատերազմի կանոն է: Հատկապես Թալիշում է այդ խնդիրը եղել, այսինքն ոչ թե չկար, այլ տեխնիկական խնդիրն է խանգարել: Բացի այդ, չմոռանանք, որ այդ օրերին անգամներով ավելացել էր առաջնագծում կանգնած զինվորների ու կամավորների քանակը և, իհարկե, բանակը դրան պատրաստ էր, բայց մատակարարման հետ կապված խնդիրները առկա էին:
Զրուցեց Լիա Խոջոյանը
Թողնել պատասխան