Ազգային խայտառակություն. Տեր-Պետրոսյանն Ալեն Սիմոնյանի մասին

Տեր֊Պետրոսյան ալեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Նման շարադրանքով է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպին ու ֆեյսբուքյան իր էջի գրառումը «Ազգային խայտառակություն» վերնագրել։

Ապրիլի 2-ին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։

«Թքել բառը (բացառությամբ բժշկության բնագավառի) ինքնին գռեհկաբանություն է և միանգամայն արգահատելի, երբ այն օգտագործվում է անգամ կենցաղային վեճերի պարագայում։ Բայց երբ այն հնչում է պետական բարձրագույն պաշտոնյաներից մեկի շուրթերից, առավելևս երբ նրա կողմից վերածվում է կոնկրետ գործողության, ապա դա արդեն պետության վերջն է։ Ինչ վերաբերում է դավաճան բառին, ապա այն ոչ թե կենցաղային հայհոյանք կամ անձնական վիրավորանք է, այլ զուտ քաղաքական գնահատական, որին պետք է հակադարձել ոչ թե գռեհիկ խոսքով կամ թքելով, այլ կոռեկտ և հիմնավոր պատասխանով, մանավանդ, որ իշխանությունները տիրապետում են տեղեկատվության և պրոպագանդայի անսահմանափակ միջոցների»,– գրել է Տեր–Պետրոսյանը` ընդգծելով, որ աշխարհում չի եղել քիչ թե շատ դեմոկրատական որևէ պետության ղեկավար, որին իր քաղաքական հակառակորդները դավաճանի պիտակը չեն փակցրել։ ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ ժամանակին իրենց քաղաքական հակառակորդների կողմից դավաճան են հռչակվել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը (Արևելյան Եվրոպայի երկրները Սովետական Միությանը զիջելու համար), Հարի Տրումենը (Չինաստանի կոմունիստականացումը չկանխելու համար) և Բիլ Քլինտոնը (Ռուսաստանի հետ սիրաբանելու պատճառով իր երկրի ռազմական հզորությունը թուլացնելու համար)։

Լևոն Տեր–Պետրոսյանը շեշտել է` այդ անձանցից ոչ ոք իրեն դավաճան պիտակավորողների երեսին չի թքել, այլ անձամբ կամ իրենց համախոհների կողմից հիմնավոր փաստարկումներով հակադարձել է բոլոր նման մեղադրանքներին։

«Այժմ վերադառնանք Հայաստանի առաջնային մանդատով օժտված միակ ատյանի ղեկավար տխրահռչակ Ալեն Սիմոնյանի աններելի արարքին։ Ի դեպ, աններելին այս պարագայում սոսկ բառ չէ, այլ դրա տակ ենթադրվում է, որ Ազգային ժողովը, և առաջին հերթին վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ժողովրդի առջև իր վարկը վերջնականապես չկորցնելու համար պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը։ Ես ամենևին չեմ չափազանցում, նրա արարքը մեր պետականության վարկին հասցված ամենամեծ վնասն է, ինչը հնարավոր է վերացնել միայն վերջինիս պաշտոնազրկման գնով։ Սա է միջազգային հանրության առջև մեր ժողովրդի պատիվը վերականգնելու միակ ելքը»,– գրել է նա։

Նախագահը ՀՀ հասարակությանը, քաղաքական ուժերին կոչ է արել միանալ այս նախաձեռնությանը և ոչ ամենևին զանգվածային միջոցառումների, ցույցերի, երթերի, այլ զուտ իրավական միջոցներով։

Ալեն Սիմոնյանը արձագանքել է այս հրապարակմանը` նշելով, որ իր համար անսպասելի էր, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իր հրաժարականը։

«Ամեն բան սպասում էի, բայց որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կպահանջի իմ հրաժարականը, իրոք անսպասելի էր: Ես շնորհակալ եմ Ռուզվելտի, Տրումենի, Քլինթոնի և այլ պատմական դեմքերի հետ համեմատության համար, բայց եթե Լևոն Տեր-Պետրոսյանը տխրահռչակ իրադարձություններից, իրեն դավաճան անվանելուց հետո այսպես է հանգստացել կամ փարատվել` դա իր ընտրությունն է»,– գրել է Սիմոնյանը` վստահեցնելով, որ ինքը դավաճան չի, երբեք չի եղել և չի էլ լինելու, և այն օրը, երբ կրկին փողոցում հավաքված հայրենակիցներն իր առաջնորդության կարիքը կունենան, ապա ինքը տանը չի նստի։

«Ես կլինեմ նրանց կողքին և «թքած», թե հետո ով ինչ կասի: Պատմաբան նախագահը պետք է լավ իմանա, թե որոնք են աններելի սխալները և ինչ գին են վճարում պատմության մեջ աններելի սխալներ գործած երկրի ղեկավարները: Առիթից օգտվելով՝ ես նույնպես տարածում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի սույն հոդվածը, ինչպես նաև նրան հրավիրում եմ առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար»,– ասված է Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 3753
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին