Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն. Խրիզանթոպուլոս

Շուշի

Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը վստահ է` Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի։

Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Նման հայտարարությամբ հանդես է եկել դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը։ Այդ մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Քրիստոնեական տաճարների՝ Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ.-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն»,– ասել է Խրիզանթոպուլոսը` հավելելով, որ ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին հայկական այբուբենը ստեղծելուց որոշ ժամանակ անց։ Հետևաբար, ըստ Խրիզանթոպուլոսի, անհնարին է, որ հայկական եկեղեցին իր օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Օրեր առաջ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ» ստեղծվելու մասին։ Խմբի հիմնական գործառույթն է լինելու  ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը» հեռացնելը։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ֆրանսիական Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուրիսոնը ևս փաստել էր, որ Ադրբեջանը լիակատար և համընդհանուր լռության պայմաններում շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանություն իրականացնել Արցախում, ինչն էլ անտեսվում է Եվրամիության կողմից։

Տեղեկացնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը օկուպացված տարածքներ։

Դիտումների քանակը: 4202
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին