Բայդենը պահելով իր խոստումը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքների ղեկավարների ձերբակալությունից հետո օսմանյան իշխանությունների կողմից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան ուղարկվեցին բնաջնջման արշավներում։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չջնջվեն պատմությունից»,– նշված է նրա հայտարարության մեջ։

Բայդենը շեշտել է նաև, որ Ցեղասպանությունից փրկվածներից շատերը ստիպված նոր կյանք են սկսել համայն աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։

«Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար. մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից չաղտոտված աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ ունեն արժանապատիվ և անվտանգ կյանք»,– ասված է նախագահի ուղերձում։

Հիծեցնենք, որ մինչև ԱՄՆ նախագահ ընտրվելը Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Անցյալ տարի՝ ապրիլի 24-ին, նա թվիթերյան իր էջում գրել էր. «Եթե ես ընտրվեմ, խոստանում եմ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և մարդու իրավունքները դարձնել իմ վարչակարգի առաջնահերթությունը»:

Հարկ է նշել, որ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում չի շրջանցել «ցեղասպանություն» եզրույթը, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրողը հայազգի Քեն Խաչիկյանն էր։

Դիտումների քանակը: 4744
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին