BBC-ի անդրադարձը Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

Գերի

BBC լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում հայ գերիների առկայության առնչությամբ:

Աղբյուրը մասնավորապես գրում է, որ Բաքվում անազատության մեջ են մնում տասնյակ հայ ռազմագերիներ՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջին բախումների պատանդները։ Զինծառայողներին «ահաբեկիչներ» կոչող Ադրբեջանը չի շտապում նրանց արտահանձնել Հայաստանին։ Այս մարդիկ սակարկության առարկա են դարձել բանակցություններում, որոնք պետք է տանեին խաղաղության, բայց հայտնվեցին փակուղում։

Մատնանշվում է, որ 2020թ. նոյեմբերի վերջին` պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում շրջափակման մեջ հայտնված 13 հայ զինծառայողներին 2021 թվականի ամռանը Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտել` մեղադրելով «ահաբեկչության, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, սահմանի ապօրինի հատման, «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ»։

Հատուկ ընդգծվում է այն փաստը, որ Ադրբեջանական բանակն առաջնագիծը մոտեցրել էր Հին Թաղերին մարտերն ավարտելուց հետո։

Մեջբերելով ռազմագերի Մանուկ Մարտոյանին նշվում է, որ Բաքվում դատավարության ընթացքում վերջինս ասել էր՝ իրեն և իր ծառայակից ընկերներին ուղարկել են Հադրութի շրջան և կարգադրել են պահել դիրքը:

Դեկտեմբերի 13-ին Մարտոյանը վերադարձի հրաման է ստացել։ Դուրս գալով Հադրութի շրջանից՝ զինծառայողները բախվել են ադրբեջանցիների և վերջինիս խոսքով մոտ 60 հայ գերի է ընկել։

Աղբյուրը նաև ընդգծում է, որ պաշտոնական Բաքուն հաստատում է Ադրբեջանի տարածքում պահվող 33 հայ զինծառայողների փաստը, ովքեչ կալանավորված են։ Սակայն մեջբերելով Հայաստանի նախկին օմբուդսման Արման Թաթոյանն նշում է, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը:

Մեջբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին նշվում է, որ իրավապաշտպանները երկար ժամանակ աշխատել են հայ զինծառայողների բերման ենթարկելու պահերը տեսագրությունները ստուգելու ուղղությամբ և համացանցում տեղադրված այդ նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս նշել, որ ևս 80 մարդու (ի լրումն Ադրբեջանի կողմից ճանաչված 33-ի), հայտնվել են գերության մեջ։

Փորձագետները կարծում են, որ գերեվարված զինվորներն Ադրբեջանի համար սակարկության առարկա են։ Սկզբում Բաքուն պնդում էր, որ զինվորականներին չեն արտահանձնում Հայաստանին, քանի որ իբր Երևանը չի կատարել եռակողմ համաձայնագրի պայմանները` մատնանշելով ականապատ դաշտերի քարտեզների փոխանցելուն։

Հայաստանը, այնուամենայնիվ, հանձնեց քարտեզները, բայց ոչ բոլորն էին արտացոլում ականների հետ կապված իրական իրավիճակը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Իրավապաշտպան, Ղարաբաղյան հակամարտության տարեգիր Արիֆ Յունուսի կարծիքով՝ հայ զինվորները, 44-օրյա պատերազմի ընթացքում հապճեպ նահանջելով, պարզապես չեն հասցրել ֆիքսել իրենց տեղադրած ականների դիրքը։

«Գերիներն անհրաժեշտ են քաղաքական ժեստերի համար: Օրինակ, երբ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչը եկավ տարածաշրջան, Ադրբեջանի իշխանությունները ժեստ արեցին, 15 հոգու հանձնեցին»,- ասում է փորձագետը՝ կարծելով, որ այդ ժամանակ Ադրբեջանը որոշեց ժեստ անել ամերիկացիների համար՝ առանց որևէ քարտեզ ստանալու։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կարող է հայ գերիներին պահել նաև Հայաստանի հետ բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու համար։

Նման կարծիք է հայտնում նաև Ղարաբաղյան հակամարտության ոլորտի փորձագետ, ադրբեջանցի լրագրող Շահին Ռզաևը։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունները բանակցություններում «գերիներին օգտագործում են» որպես լրացուցիչ փաստարկ՝ Երևանից ինչ-որ զիջումներ ստանալու համար»։

Մինչ Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է, գերիների վերադարձի գործընթացը կանգ է առել։ Ըստ Սիրանուշ Սահակյանի՝ սա հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը «քաղաքականացնում է այդ հարցերը»։

«Երբ լարվածություն է առաջանում քաղաքական օրակարգի հարցերի շուրջ, հումանիտար հարցերն էլ չեն լուծվում: Սա, իմ կարծիքով, լրացուցիչ ապացույց է, որը հաստատում է՝ ռազմագերիներն իրականում պատանդ են և պահվում են ճնշում գործադրելու և քաղաքական պահանջները բավարարելու համար»,- ասում է Սահակյանը։

«Այս մարդկանց գերության մեջ պահելը բացասաբար է անդրադառնում բանակցային խաղաղ գործընթացի վրա, և եթե Ադրբեջանը նրանց ազատ արձակի, դա խաղաղության օգտին լավ ժեստ կլինի»,- ասում է Ղարաբաղյան հակամարտության բրիտանացի փորձագետ Լոուրենս Բրոերսը։

Ըստ նրա՝ այն, որ զինվորականները դեռ գերության մեջ են, վատ է անդրադառնում Ադրբեջանի վրա, չի ամրապնդում նրա դիրքերը խաղաղ համաձայնագրի համար: Սա շատ նման է նրան, որ այդ մարդկանց՝ հայ ռազմագերիներին, Ադրբեջանը սակարկության առարկա է դարձնում, ինչը հայ հասարակության աչքերում նրան բոլորովին էլ որպես խաղաղասեր հարևան չի ներկայացնում:

Արևմտյան ժողովրդավարությունների առաջամարտիկ երկրները և միջազգային կառույցները կշտամբում են Ադրբեջանին՝ հասկացնելով, որ հայ ռազմագերիների հետ կապված իրավիճակը մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ օրինակներից միայն մեկն է։

Ղարաբաղյան պատերազմին առնչվող մարդու իրավունքների ամենավերջին խախտումներից են ղարաբաղցի հայերին Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակումը և անցյալ սեպտեմբերի սրացումների ժամանակ հայ գերիների սպանությունը:

Ինչ վերաբերում է գերիներին, Ադրբեջանն առանձնապես չի թաքցրել, թե ինչ պայմաններով է պատրաստ զինվորականներին հայրենիք արտահանձնել։

Դեռ մի քանի տարի առաջ ադրբեջանցի քաղաքական գործիչ Սամեդ Սեիդովը, ով գլխավորում էր երկրի պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ասել էր. «Բաքուն պատրաստ է քննարկել «ահաբեկիչների» վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը»։

Դիտումների քանակը: 3956
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին