Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետերի ստեղծումը նախատեսված չէ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովխը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] սահմանին:
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է` դրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը։ Սա նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,- շեշտել Է Լավրովը` հավելելով, որ ռուս խաղաղապահները Երևանի և Բաքվի հետ շփումներում փորձում են հասնել նրան, որ ապահովվի Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անարգել երթևեկությունը։
Բացի այդ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, գլխավորն այն է, որ դա աշխարհաքաղաքական խաղերի մաս չդառնա։
Վերջինս հավելել է` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտաքին խաղացողներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, այնքան էլ այդ նպատակներով չեն առաջնորդվում։
Թողնել պատասխան