Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ

Ադրբեջանը ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստմամբ զբաղվող իր հանձնաժողովի կազմը և սպասում է, որ նույն քայլը կանի նաև Հայաստանը։ Այդ մասին խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Նշվում է, որ Ալիևը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների` Թբիլիսիում կայացած հանդիպումն անվանել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլը: Բլինկենն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը: Նա նաև դրական է գնահատել երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը և ուղիղ երկխոսությունը Թբիլիսիում: Էնթոնի Բլինկենը նաև նշել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների բացման աջակցման հարցում։

Նշենք նաև, որ Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրին առնչվող հարցեր։

«Բլինկենը ԱՄՆ-ի պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին: Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը»,- նշված է ՀՀ վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները:

Դիտումների քանակը: 4095
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին