Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է Ռուսաստանից «սպառնալիքների» դեպքում աջակցություն ցուցաբերել։ Այդ մասին, ըստ RT-ի, հայտարարել է ՄԹ պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին:
«Մեծ Բրիտանիան ընդունում է այդ որոշումը (սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը-խմբ.) որպես Հայաստանի սուվերեն իրավունքի իրացում։ Բրիտանիան պատրաստ է նաև համագործակցել եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար՝ ի դեմս Ռուսաստանի պատասխան գործողությունների սպառնալիքների»,– հայտնել է Հիպին։
Նա բրիտանական խորհրդարանի գրավոր հարցմանն ի պատասխան ընդգծել է, որ Լոնդոնը շարունակելու է սերտորեն համագործակցել Երևանի հետ՝ փնտրելով համագործակցության խորացման ուղիներ:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն կարծիք է հայտնել, որ այսպիով Արևմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եվրոպական կառույցների մեջ:
«Այդ մտահղացումը դեռ կար, երբ Փաշինյանին իշխանության էին բերում։ Հենց դա է երևի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղված են Հայաստանի մեկուսացմանը։ Թեև դա հակասում է պատմական ավանդույթին, բնակչության շահերին և ողջախոհությանը։ ԱՄՆ-ն հետաքրքրված է Հայաստանով՝ որպես Ռուսաստանին նյարդայնացնող գործիք։ Այս առումով նրանք ինչ-որ մեկին հանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարությունը, այս դեպքում՝ Մեծ Բրիտանիային։ Հաշվի առնելով այն, որ Երևանը դիտարկում է ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը, այդ ամենը կարծես միասնական պլանի տարրեր լինեն»,-RT-ի հետ զրույցում նշել է Օլենչենկոն։
Թողնել պատասխան