Մեսրոպ Մաշտոց համալսարանից Arcakh24.info գլխավոր խմբագրի, ՄՄՀ ավագ դասախոս Մարատ Եգանյանի և նրա կնոջ` ՄՄՀ ավագ դասախոս, Տնտեսագիտության, կառավարման և ԻՏ ֆակուլտետի դեկան Վիկտորյա Առստամյանի աշխատանքից հեռացնելու մասին ահազանգը շատ լուրջ ուշադրության արժանացավ հասարակության կողմից. բացառություն չեն հանդիսացել նաև ԶԼՄ-ները:
Այսպիսով, առաջին իսկ օրվանից տարբեր լրատվամիջոցներ հարց են ուղղել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանին, թե ինչու են աշխատանքից ազատվում ՄՄՀ ավագ դասախոսներ Մարատ Եգանյանը և նրա կինը, ինչին նա պատասխանում էր, որ նրանք չեն ազատվել աշխատանքից ու չկա նման հրաման: Անդրադառնալով այդ պատասխանին տեղեկացնենք, որ այդ հրամաններն արդեն իսկ կան և որպես տրամաբանական շարունակություն կա նաև հայցադիմում:
Հայցադիմումը ներկայացվել է ԱՀ ընդհանուր իրավասության I ատյանի դատարան, որտեղ շարադրված է, թե աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատողի կոնկրետ որ իրավունքներն են խախտվել տվյալ հրամանի արձակմամբ (ՄՄՀ ռեկտորի թիվ 92 առ 16.08.2019թ.): Միաժամանակ, ՄՄՀ ավագ դասախոսներ Մարատ Եգանյանը և նրա կինը գործի թափանցիկությունն ապահովելու նպատակով տեսաձայնագրման իրավունք ստանալու միջնորդագիր են ներկայացրել:
Հիշեցնենք, որ տեսաձայնագրման իրավունքը ստանալու համար անհրաժեշտ է Դոնարա Գաբրիելյանի համաձայնությունը և դատարանի թույլտվությունը: Պատրաստ է արդյո՞ք ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հանդես գալ տեսաձայնագրվող դատարանում որպես պատասխանող:
Թողնել պատասխան