ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը։
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը, քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ, և կետ առ կետ ներկայացրել է դրանք.
- Վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանին` դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
- Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք]՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,
- Կոչ է անում Ադրբեջանին` միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,
- Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,
- Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,
- Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը։
Հավելենք նաև, որ հունիսի 30-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան (ամառային) նստաշրջանի ընթացքում որոշում է կայացվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը անցկացնել Երևանում:
Թողնել պատասխան