ԵՄ զեկույցում կարևորվում է ԼՂ-ում միջազգային խաղաղապահների տեղակայումը

ԵՄ

Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ բանաձևին։ Այդ մասին հայտնում է Բելգիայում Հայաստանի դեսպանատունը իր թվիթերյան միկրոբլոգից։

Բանաձևին կողմ են քվեարկել 534 պատգամավոր, դեմ` 10-ը և ձեռնպահ՝ 66-ը:

Փաստաթղթում ներկայացվում են Ադրբեջանի հարձակումները Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթումն Ադրբեջանի կողմից, քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունները, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց արտադատական սպանությունները, Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] քաղաքացիական երթևեկության արգելափակումը:

Խստորեն դատապարտվում է 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի մի քանի վայրերում։

Նշվում է, որ վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի վերջին ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք տասնյակ հազարավոր տուժածների, մեծ ավերածությունների և հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման պատճառ է դարձել, սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ չի լուծվել:

Զեկույցում առաջարկում է միջազգային ժամանակավոր մեխանիզմի ստեղծում, որը կապահովվի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և բոլոր վերադարձողների անվտանգությունը։

Կարևորում է նաև միջազգային միջնորդության կարևորությունը՝ հաշվի առնելով կողմերի միջև ուժերի զգալի անհավասարակշռությունը, և ԵՄ-ի հատկապես կարևոր դերն այս համատեքստում՝ ապահովելու արդար համաձայնությունը և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանությունը։

Կոչ է անում միջազգային մարդասիրական կազմակերպություններին Լեռնային Ղարաբաղ, հատկապես ՄԱԿ-ին, մուտքի իրավունք տրամադրել, և հիշեցնում է, որ ներկայումս միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին է թույլատրվում մուտք գործել տարածաշրջան, ինչը բավարար չէ ԼՂ-ում ապրողների պայմաններն ու կարիքները ճշգրիտ գնահատել։

Փաստաթղթում մտահոգությամբ է նշվում ռուս խաղաղապահների առկայության և Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների և տարածաշրջանի բարեփոխումների օրակարգի ապագայի վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Նշում է, որ երեք տարի հետո ռուսական ուժերի խաղաղարարության մանդատի ավարտից հետո նոր խաղաղապահ ներկայությունը պետք է ապահովվի տեղում, և ընդգծում է, որ դա պետք է լինի միջազգային խաղաղապահ առաքելություն

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ պահպանվի, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հեռանալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից»,– նշված է զեկույցում:

Ասվում է նաև, որ վերջին մի քանի տարիների ընթացքում զգալի բարեփոխումներ և ժողովրդավարացման գործընթացներ են արվել Հայաստանում, ու այսպիսով այն դարձել է տարածաշրջանում ժողովրդավարության առաջատար:

Գնահատվում է նաև Հայաստանի առաջընթացը դատական և իրավական բարեփոխումների ազգային ռազմավարության, ինչպես նաև սահմանադրական համալիր բարեփոխումների իրականացման գործում։

Զեկույցում նաև նշվում է, որ իր հարևան երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքեր է գրավում Economist Intelligence Unit-ի 2021թ. ժողովրդավարության ինդեքսում և «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ 2022 թ.-ի մամուլի ազատության ինդեքսում:

Դիտումների քանակը: 3723
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին