ԵՀԽ-ն միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ միջամտել Արցախի շրջափակմանը

Ապօրինի անցակետ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) միջազգային հանրությանը կոչ է անում անհապաղ միջամտել՝ վերջ տալու Արցախի շրջափակմանը և փրկելու տեղի բնակիչների կյանքը։

«Քանի որ շրջափակված Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հասնում է ողբերգական մակարդակի, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը վերահաստատում է իր հայտարարություններն ու դիրքորոշումները միջազգային հանրության կողմից հրատապ և անհետաձգելի գործողությունների անհրաժեշտության մասին: Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք]՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, արգելափակվել է ավելի քան յոթ ամիս առաջ, ինչը հանգեցրել է մարդասիրական արտակարգ իրավիճակի և մեծ վտանգի ենթարկել 120 հազար մարդու, այդ թվում ՝ երեխաների կյանքը»,- հայտարարել է ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյը:

ԵՀԽ-ն կոչ է արել Ադրբեջանին և ներգրավված մյուս ուժերին անհապաղ վերացնել շրջափակումը և վերաբացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], որպեսզի ապահովվի քաղաքացիական անձանց, տրանսպորտի և ապրանքների երկկողմանի ազատ և անվտանգ անցումը միջանցքով և երաշխավորվի անարգել մարդասիրական մուտք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայ բնակչության տառապանքները թեթևացնելու համար։

«Մարդկանց պակասում է սնունդ, դեղորայք, էլեկտրականություն ու գազ։ ԵՀԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը անհապաղ միջամտել՝ վերջ տալու շրջափակմանը և փրկելու Արցախի բնակիչների կյանքը, այնուհետև ձեռնամուխ լինելու տարածաշրջանում արդար խաղաղության հաստատման համար դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին», — ասել է Փիլեյը:

ԵՀԽ-ն հիշեցնում է Արցախի վերաբերյալ իր կողմից կատարած որոշ հայտարարությունների և արձանագրությունների մասին, այդ թվում՝ ԵՀԽ-ի 11-րդ վեհաժողովի արձանագրությունը վերնագրված «2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքները», որտեղ վերահաստատել է իր դատապարտումը քիմիական զենքի և կասետային զինամթերքի կիրառման, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների, հանրային ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա հարձակումների և այլ վայրագությունների վերաբերյալ։

Դիտումների քանակը: 3978
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին