ԵԽԽՎ 47 պատգամավոր կոչով դիմել են Ադրբեջանին

ԵԽԽՎԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 47 պատգամավոր հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ։ Փաստաթուղթը ֆեյսբուքյան իր էջից տարածել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

Հայտարարությամբ ԵԽԽՎ պատգամավորները Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։

«Ադրբեջանը հարված է հասցրել նաև Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Վերջին բախումները հարյուրավոր զոհերի պատճառ են դարձել, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Կան խոշտանգումների վկայություններ: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է»,– նշված է հայտարարությունում։

ԵԽԽՎ պատգամավորներն անդրադարձել են նաև վերջերս համացանցում տարածված հայ ռազմագերիների սպանություններին. «Մենք դատապարտում ենք կանխամտածված սպանությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների և գերեվարված հայերի նկատմամբ»։

Նրանք կոչ են արել Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հետագա ոտնձգություններից և մասնակցել բանակցային խաղաղ գործընթացին։

Դիտումների քանակը: 3943
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին