Վերջին շրջանում Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածությունն ավելի է սրվել նոյեմբերի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետևանքով:
Թուրքիայում Եվրամիության և Իտալիայի դեսպաններին ու Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտգործնախարարություն, որտեղ բողոքի նոտա է հղվել «Իրինի» առաքելության և թուրքական նավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ առաքելությունը թուրքական «Roseline-A» նավում ստուգումներ անցկանցնելու համար հստակ թույլտվություն չի ստացել Թուրքիայից:
Դեսպաններին և հավատարմատարին ուղղված բողոքի նոտայում Անկարան պնդել է, որ տեղի ունեցած միջադեպը հակասում է միջազգային իրավունքին:
Հիշեցնենք, որ դեպի Լիբիա զենքի մաքսանենգությունը կանխելուն ուղղված ԵՄ ղեկավարած «Իրինի» առաքելությունը նոյեմբերի 22-ին գերմանական «Համբուրգ» ֆրեգատին ցուցումներ էր տվել կանգնեցնել թուրքական «Roseline-A» բեռնատար նավը, նշելով, որ այն անօրինական ճանապարհով զենք է տեղափոխում Լիբիա:
Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքից մոտ 200 կիլոմետր հյուսիս Բունդեսվերի գլխավոր տեսուչը ցանկացել էր ստուգել թուրքական նավը, սակայն պաշտոնական Անկարան վերջին վայրկյանին բողոքել և թույլ չէր տվել ստուգել այն: Անկարայի մերժումը ստանալուց հետո գերմանացի զինվորները ստիպված էին եղել անմիջապես դադարեցնել բեռի ստուգումը: «Roseline-A»-ն շարունակել է իր ճանապարհորդությունը դեպի Լիբիա:
Թողնել պատասխան