Եռակողմ հեռախոսազրույցին հաջորդել է Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զրուցել են հեռախոսով։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Փաշինյանը ՌԴ նախագահին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը և ցավով արձանագրել, որ իրադրությունը ոչ միայն չի կարգավորվել, այլև որոշ տվյալների համաձայն՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական ստորաբաժանումների նոր սադրանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետը նաև ՌԴ նախագահին մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գյուղերի բնակիչներին ուղղված, բարձրախոսներով արվող հայտարարություններով ահաբեկելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու Ադրբեջանի գործելակերպի մասին:

Փաշինյանը կրկին ընդգծել է, որ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական ստորաբաժանումների այս գործողությունները և ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի հարցեր են առաջացնում և ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել այդ իրավիճակի հետաքննություն անցկացնելու հարցին դրական վերաբերմունք ցուցաբերելու համար:

Վարչապետը ՌԴ նախագահին է ներկայացրել հայկական կողմի ակնկալիքը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումները ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց դուրս բերելու համար:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ստեղծված իրադրությունը շուտափույթ կարգավորելու համար: Նրանք երկուստեք կարևորել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի՝ ՌԴ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումը:

Այսօր նաև Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ հեռախոսազրույց էր կայացել, որի մասին հայտնել էինք ավելի վաղ։

Դիտումների քանակը: 4420
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին