Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հետ հանդիպմանը խոսել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով։ Այդ մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` 2020թ. արցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
Համաձայն աղբյուրի Գարեգին Երկրորդը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների մասին։
Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, հայ ժողովրդի ամուր կամքով և հավատքով։
Իր հերթին Ֆիլիպն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։
Թողնել պատասխան