Գիտության փառատոն Հայաստանում

Գիտության փառատոն Հայաստանում

Հայաստանում նոր ուսումնական տարին կառանձնանա նոր ծրագրով. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կանցկացնի Գիտության փառատոն: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագրով նպատակ ունեն նպաստել գիտության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը: Արայիկ Հարությունյանի նշեց, որ աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվում:

Փառատոնի կազմակերպումը վեր կհանի դպրոցների ներուժը և կարտացոլի առկա թերությունները: Նախարարությունը փառատոնի անցկացման մասին դեռևս լրիվ մանրամասներ չի ներկայացնում, քանզի որոշ հարցեր դեռևս քննարկման փուլում են: Սակայն, այն դպրոցների աշկերտները, ովքեր ցանկանում են մասնակցել փառատոնին կարող են ներկայացնել գիտության ոլորտում իրենց հետազոտական ծրագրերն ու նոր գաղափարները սկզբից տեղական ժյուրիին` ըստ իրենց տարածքների, այնուհետև գլխավոր ժյուրիի կողմից հաջորդ փուլ անցած գաղափարներից կընտրվեն լավագույնները: Վերջին փուլ անցնողները նախարարության կողմից կարժանանան պարգևների, իսկ հաղթողը 2020 թվականին հնարավորություն կունենա իր նորարարական գաղափարները ներկայացնել Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնում (Intel International Science and Engineering Fair): Նշենք նաև, որ միջազգային փառատոնին ամեն տարի մասնակցում են աշխարհի ավելի քան 75 երկրներից շուրջ 1800 աշակերտ, իսկ մրցույթի առաջին տեղ գրաված ծրագիրն արժանանում է Gordon Moore Award մրցանակին` ստանալով 75,000 ԱՄՆ դոլար:

Նախարարությունը պլանավորում է նախապատրաստական աշխատանքները ծավալել օգոստոսի վերջից: Ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի դպրոցների աշակերտներին կներկայացվի փառատոնի ծրագիրը, էությունը: Այնուհետև ստեղծվելու է այն դպրոցների ցանկը, որոնք ունեն լաբորատորիաներ, կարողություններ նման փառատոններին մասնակցելու, և որոնք իրենց հերթին, կարող են դառնալ լոկոմոտիվ տարածքի մյուս դպրոցների համար: Փառատոնի բարձր մակարդակով անցկացման համար աշխատանքներ են կատարվելու նաև ուսուցիչների վերապատրաստման հետ: «Առաջին տարում կդժվարանանք ասել՝ արդյո՞ք բոլոր դպրոցներից ներգրավվածություն կլինի, սակայն վստահ եմ, որ տարեցտարի այս փառատոնի նկատմամբ հետաքրքրությունն ավելի կմեծանա: Աշակերտները գիտության ոլորտում իրենց հետաքրքրության շրջանակում որևէ նոր գաղափար կներկայացնեն, դա կարող է լինել կենսաբանությունից, ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, ֆիզիկայից, քիմիայից, շրջակա միջավայրից և այլն»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարն ընդգծեց, որ դպրոցների վերազինումն ու պայմանների բարելավումն իրենց առաջնային խնդիրներից է: Առաջիկայում պատրաստվում են ավագ դպրոցներին մի շարք առարկաների գծով տալ ավելի քան 300 լաբորատորիա: Ինչ վերաբերում է շենքային պայմանների բարելավմանը, ապա այս ուղղությամբ ևս կոնկրետ ծրագրեր են նախատեսված: Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով` ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ:

Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ: Աշխատանքները շարունակական են լինելու:

Դիտումների քանակը: 5101
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին