Հաագան Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել գերիներին

Հաագա

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, որ Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել 2022թ-ի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ գերիներին։

Հաագայի դատարանն այս որոշումն ընդունվել է 2022թ-ի հոկտեմբերի 7-ին` ի պատասխան Հայաստանի խնդրանքի, որով հայկական կողմը պահանջել էր փոփոխություններ կատարել «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով» դեռ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ադրբեջանի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցի մասին նախորդ որոշման մեջ։

Ինչպես հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, հոկտեմբերի 12-ի որոշմամբ Արդարադատության միջազգային դատարանն արձանագրել է, 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումից հետո Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ շարունակում է նույն քաղաքականությունը, որի հետևանքով էթնիկ հայերը «շարունակում են մնալ անվերականգնելի վնասի ենթարկվելու լուրջ վտանգի առջև»։

Նշենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ դատարանն արդեն պարտավորեցրել էր Ադրբեջանին պաշտպանել 2020 թվականի հակամարտության հետևանքով գերեվարված մարդկանց։ Այժմ այդ պահանջում ներառվել են նաև 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի զինված հարձակման ժամանակ գերեվարվածները։

«Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին խստորեն հետևել և արդյունավետ կերպով կատարել դատարանի որոշումները, այդ թվում՝ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով անհետ կորած 29 հայերի առնչությամբ»,– ասված է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի հաղորդագրության մեջ։

Հայաստանը նաև պահանջում է, որ Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի հայ ռազմագերիների և այլ կալանավորների նկատմամբ իրականացված բոլոր վայրագությունների համար՝ համաձայն դատարանի երկու` 2021 և 2022թթ-ի որոշումների։

Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին Հայաստանը դիմում էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, քանի որ հայկական կողմի տվյալներով ու համացանցում հասանելի տեսանյութերից դատելով՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանում 10-ից ավելի գերեվարված անձինք կան։

Հայաստանը պահանջել էր պարտավորեցնել Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրել գերիների որպիսության մասին, ինչպես նաև ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց համար պահման պայմաններ ապահովել։

Դիտումների քանակը: 3898
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին