Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, հայտնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)՝ նշելով, որ արտգործնախարարությունում դեսպանին հայտնել են Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք] բացելու անհրաժեշտության մասին։
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Բաքվին բացել Լաչինի միջանցքը [Բերձորի միջանցք], ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը։ Սակայն այդ որոշումից մեկ ամիս անց էլ Բաքուն շարունակում է անտեսել այն և փակ պահել միջանցքը։
Ֆեդերացիան նշում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Հաագայի դարանի որոշման հետ:
Ըստ հաղորդագրության՝ Հոկստանը համաձայնել է խորհրդարանականների հետ, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը։
Ընդգծելով, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են՝ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ Ամստերդամը Բաքվին հրապարակայնորեն կոչ է արել կատարել որոշումը:
Դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք]՝ երկու ուղղություններով, շեշտել է արտգործնախարարը՝ նշելով, որ իր մտահոգությունները տարբեր զարույցների ընթացքում փոխանցել է Ադրբեջանի արտգործնախարարին, տարբեր համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով։
Թողնել պատասխան