Արցախում նոր առաքելություն տեղակայելու համար Երևան-Բաքու համաձայնություն է պետք. Զախարովա

Զախարովա (2)

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելություն տեղակայելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ դեռևս կողմերը նման համաձայնություն չեն տվել։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում։

Նա վստահեցրել է, որ ռուս խաղաղապահները հետևողական ջանքեր են գործադրում տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև էսկալացիաների կանխարգելման ուղղությամբ: Շատ բան, իհարկե, կախված է կողմերի քաղաքական կամքից և իրական տրամադրվածությունից՝ շարունակվող հակասությունները կարգավորելու և հանգուցալուծումներ գտնելու համար։

Մոսկվային անհանգստացնում է թշնամական հռետորաբանության աճն ու միջադեպերի թվի ավելացումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև կողմերի` Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղիներ փնտրելու անպատրաստությունը։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Դրանում մենք հաստատակամ ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Մենք կողմերին զսպվածության կոչ ենք անում իրենց հայտարարություններում և գործողություններում»,– նշել է Զախարովան։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր հարցերի շուրջ բանակցությունների վերսկսման օգտին` ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպումների անցկացումը:

«Անընդհատ հարցնում են` ինչպես եք գնահատում Արևմուտքի ներգրավվածությունը կարգավորման հարցում։ Երբ Արևմուտքը հայտնվեց կարգավորման հարցում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Արևմուտքի` խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք տեսնում ենք այլ մտադրություններ»,–ասել է նա։

Դիտումների քանակը: 3774
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին