Հայաստանը ռազմական տեխնիկա կգնի Հնդկաստանից

(DRDO)

Երևանը մտադիր է Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն գնել։ Այդ մասին գրել է հնդկական DnaIndia.com լրատվական գործակալությունը։

Աղբյուրը հայտնում է, որ այդ նպատակով նախորդ ամիս Հնդկաստան մեկնած Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը գնման ենթակա զինատեսակների ցանկ էր ներկայացրել։

Ո՞ր դրոնների, ի՞նչ այլ սպառազինության մասին է խոսքը, կամ ի՞նչ գումարի սահմաններում են բանակցությունները, և վերջապես՝ ի՞նչ պայմանագրեր են կնքվել՝ պարբերականը չի տեղեկացնում։

Փոխարենը, DnaIndia.com ներկայացնում է անանուն մնալ ցանկացող հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե արցախյան վերջին պատերազմը հարկադրել է Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։ Պարբերականը նկատում է՝ պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ։

Ներկայացված նյութում նշվում է, որ 2020 թվականին Հայաստանը 40 միլիոն արժողությամբ գործարք էր կնքել Հնդկաստանի հետ՝ SWATHI ռադարների մատակարարման համար։

Աղբյուրը նաև նշում է, որ Հնդկաստանը Հայաստանին տեսնում է ոչ միայն որպես բարեկամ, այլ նաև հակակշիռ Թուրքիային` հիմնավորելով այդ փաստը նրանով, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի է ռազմատենչ արտահայտություններով հանդես եկել Քաշմիրի հարցում։ Նյութում մատնանշվում է նաև Թուրքիայի և Պակիստանի դաշնակից Ադրբեջանի գործոնը։

Դիտումների քանակը: 4243
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին