Այս պահին հայկական կողմն ունի 105 զոհ։ Այդ մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ ասում ենք, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի նկատմամբ, նկատի ունենք, որ նաև որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել, ինչի համար էլ դիմել ենք ՀԱՊԿ-ին»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Հայաստանը ՀԱՊԿ–ին է դիմել 4-րդ հոդվածով։
«4-րդ հոդվածը սահմանում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։ ՀԱՊԿ–ից Հայաստանը խնդրել է օգնություն, այդ թվում` ռազմական՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերումն ապահովելու համար»,– նշել է նա։
Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈւ–ի դուրսբերում ասելով, ըստ Փաշինյանի, նկատի են ունեցել նաև նախորդ տարվա մայիսի 12-ին Սոթք–Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժումը. «Եվ սա մենք ֆիքսում ենք` որպես քաղաքական նպատակ, որ ագրեսորը պետք է ՀՀ տարածքից դուրս գա։ Եվ սա է մեր խնդիրը, այդ թվում` ՀԱՊԿ–ում մեր նախաձեռնության իմաստով»։
Փաշինյանի գնահատմամբ` ՀԱՊԿ–ի նիստ կազմակերպելը գոհացուցիչ փաստ էր, իսկ նիստին անկեղծ ու բաց քննարկում է տեղի ունեցել։ Նրա խոսքով` նվազագույն անհրաժեշտ որոշումներ են կայացվել այս փուլի համար։
Փաշինյանը կարծիք հայտնեց, որ երեկ ՀԱՊԿ ԱԽ նիստում սկիզբ է դրվել մի գործընթացի, որը պետք է իր կոնկրետ լուծումներն ունենա։
«Այնուամենայնիվ, երեկվա նիստում մեր գործընկերների կողմից հնչել են հստակ գնահատականներ, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է ՀՀ ինքիշխան տարածք։ Եթե այդ ֆորմատում այդպիսի նախադասություն է հնչում, այդ նախադասությունը չպիտի մնա անհետևանք»,– ասաց նա։
Փաշինյանը միաժամանակ նշեց, որ ՀԱՊԿ–ից ակնկալում են ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական աջակցություն։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ռազմագերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ «Բաքուն պատրաստ է Հայաստանին հանձնել վերջին երկու օրերին զոհված շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները»։
Թողնել պատասխան