ՀՀ կառավարությունն անդրադարձել է եռակողմ հանդիպմանը

ՀՀ ԵԽ

Բրյուսելում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքների մասին հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում` ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ հնգակողմ և հուլիսին` Բրյուսելում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահի եռակողմ հանդիպումների շրջանակում:

Հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը հանդես եկավ ասուլիսով, որի ժամանակ հայտնեց, որ կողմերը որոշել են, որ հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան։

«Մեր հաջորդ քայլը լինելու է սահմանների դելիմիտացիան, որ սահմանված է 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում և, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում»։

Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու գործին՝ հարաբերությունների համապարփակ կարգավորման հասնելու համար։

Դիտումների քանակը: 3760
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին