ՀՀ կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին. EFJ

ՀՀ կառավարությունը պետք է վերջ դնի լրագրողների նկատմամբ առցանց ոտնձգություններին։ Այդ մասին նշվում է Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի (EFJ) տարածած հայտարարության մեջ։

Լրագրողների եվրոպական ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությանը՝ դատապարտելով Հայաստանի կառավարության աջակիցների կողմից սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում Արցախում լարված իրադարձությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո սկսած վիրավորանքների և ոտնձգությունների արշավը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և պատասխանատվության ենթարկել ու պատժել մեղավորներին:

Մահվան և ֆիզիկական բռնության սպառնալիքների թիրախ են դարձել որոշ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ Անի Գևորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը»– նշված է հայտարարության մեջ:

EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ հրապարակայնորեն դատապարտել այդ սպառնալիքները և բացահայտել, հետապնդել և պատժել մեղավորներին, հատկապես, եթե նրանք պետական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչներ են։

Ժուռնալիստների միությունը դատապարտել է կառավարությանը մոտ կանգնած ակտիվիստների և որոշ պետական պաշտոնյաների կողմից կազմակերպված կանխամտածված հարձակումը: Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև մեղադրել է վարչապետին՝ ատելության այդ առցանց քարոզարշավը խրախուսելու մեջ:

«Լրագրողներն աշխատում են իրական տեռորի պայմաններում։ Նրանք իսկապես վտանգի տակ են»,- ասել է ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Համաձայն աղբյուրի միությունը հարցը փոխանցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին:

Դիտումների քանակը: 3724
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին