ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհը երթևեկելի կլինի ապրիլի 1-ից

Ճանապարհ

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի ՀՀ-ի հատվածը, որն անցյալ տարվանից կառուցվում է, նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Այդ մասին ի պատասխան «Հետք» լրատվական գործակալությանը հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարությունից։

Խոսքը 11,8 կմ երկարությամբ ճանապարհահատվածի մասին է, որն սկսվում է Մ-12 (Գորիս-Տեղ-Բերձոր-Ստեփանակերտ) միջպետական ճանապարհի Տեղ գյուղի հատվածից, անցնում Կոռնիձոր գյուղով և ավարտվում պետական սահմանի մոտ՝ Հագարի գետի ափին: Սահմանային հանգույց է գետի վրա կառուցված նոր կամուրջը, որի մոտ՝ գետի մյուս ափին, տեղակայված են ՌԴ խաղաղապահները:

2022թ. օգոստոսի 4-ին ՀՀ կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր-սահման հատվածը պատրաստ կլինի 2023-ի գարնանը, և աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Այն հարցերին, թե «Ինչպիսի՞ն է լինելու Հայաստանն Արցախին կապող նոր միջանցքը» և «Ովքե՞ր են կառուցում Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը» ՀՀ ՏԿԵ նախարարությունից` հղում կատարելով անցյալ տարվա հոկտեմբերի գրությանը, հայտնել են, որ Տեղից մինչև սահմանային կամուրջ շինարարությունն իրականացնում է ճանապարհաշինական 3 կազմակերպություն, որոնց հետ ՏԿԵ նախարարությունը պայմանագրեր է կնքել:

Աշխատանքները նախատեսված էին 2022-2023 թթ.: Ըստ կողմերի միջև ստորագրված համաձայնագրերի՝ ասֆալտապատումը պիտի արվի այս տարի: Ասֆալտի տակ լինելու է 20 սմ-ոց խճավազային հիմք, դրա տակ՝ 10 սմ հաստությամբ ավազակոպիճ: Իր հերթին 16 սմ հաստությամբ ասֆալտը լինելու է եռաշերտ. երկու շերտը՝ խոշորահատիկ, վերին շերտը՝ մանրահատիկ:

Ըստ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ չնայած նոր ճանապարհի երթևեկելիությունը նախատեսված է ապրիլի 1-ից, շինարարական աշխատանքները կշարունակվեն, և ճանապարհն ամբողջովին՝ եռաշերտ ասֆալտապատված ու ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը:

Իսկ այն հարցին, թե արդյոք նոր ճանապարհի շինարարությանը զուգահեռ կառուցվում են դեպի Արցախ էլեկտրաէներգիայի, գազի և ինտերնետի մատակարարման նոր ենթակառուցվածքներ, ՏԿԵ նախարար տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պատասխանել է, որ թե՛ էլեկտրամատակարարումը, թե՛ գազամատակարարումը ներկայում իրականացվում է գործող ենթակառուցվածքներով, որոնք անցնում են Տեղ-Բերձոր հատվածով: Միաժամանակ ավարտին են մոտենում ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Բերձոր քաղաքը շրջանցող եւ Տեղ-Կոռնիձոր-ՀՀ պետական սահման ուղղությամբ անցնող նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Գծի երկարությունը շուրջ 12 կմ է: Ինչ վերաբերում է նոր գազատարի կառուցմանը, ըստ Քրիստինե Ղալեչյանի՝ նման աշխատանքներ նախատեսված չեն: Իսկ ինտերնետի նոր հաղորդալարերի մասին հարցին փոխնախարարը չի պատասխանել:

Դիտումների քանակը: 3888
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին